Հայաստանը չէր կարող անտարբեր մնալ Սիրիայում առկա իրողություններին. Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանին

15:25     2 ապրիլի, 2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում` օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ պատմական և մշակութային դարավոր ավանդույթ ունեցող հայ-սիրիական հարաբերությունները ներկայում առավել խորացման մեծ հեռանկար ունեն: Արժևորելով Սիրիայի ժողովրդի ցուցաբերած օժանդակությունն ու հյուրընկալ վերաբերմունքը Ցեղասպանությունը վերապրած հայորդիների նկատմամբ` օրենսդիր մարմնի ղեկավարն ընդծել է, որ Հայաստանը չէր կարող անտարբեր մնալ Սիրիայում առկա ներկա իրողություններին` մարդասիրական օգնության ձեռք մեկնելով պատերազմից տուժած սիրիացիներին:

Երկկողմ կապերի հետագա խորացման տեսանկյունից ԱԺ նախագահը կարևորել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը` վստահություն հայտնելով, որ դրանց նոր ազդակ կհաղորդի ձևավորված խորհրդարանական բարեկամական խումբը:

Շնորհավորելով Արարատ Միրզոյանին օրենսդիր կառույցի ղեկավար ընտրվելու կապակցությամբ` Մոհամմեդ Հաջ Իբրահիմին հայ-սիրիական բազմադարյա հարաբերությունները որակել է ոչ միայն բարեկամական, այլև եղբայրական: Նա երախտագիտություն է հայտնել Հայաստանի իշխանություններին իր երկրին ցուցաբերած մարդասիրական օժանդակության համար` նշելով, որ այս քայլը բարձր է գնահատվում սիրիացի ժողովրդի կողմից: Դեսպանն արժևորել է այն դերակատարությունը, որ ունի սիրիահայ համայնքը թե երկրի կյանքում, թե երկկողմ կապերի ամրապնդման գործում: Այս համատեքստում դիվանագետն անդրադարձել է այն ծրագրին, ըստ որի Սիրիայի հայկական եկեղեցիների վերականգնումը ներառվել է իր կառավարության ծրագրում:

Բարձր գնահատելով երկկողմ քաղաքական ու մշակութային առկա սերտ կապերը` կողմերն ընդգծել են հարաբերություններում տնտեսական բաղադրիչի աշխուժացման անհրաժեշտությունը, առանձնացրել գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային հարցերի:


© armedia.am