Արցախյան հակամարտության, Փաշինյան-Ալիև հանդիպման և Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու խնդիրների շուրջ «Արմեդիա ՏՎԳ»-ն զրուցել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, «Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանի հետ:
-Պարող Աղաբեկյան, ինչպե՞ս կգնահատեք Վիեննայում մարտի 29-ին տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները:
- Առաջին պաշտոնական հանդիպումից մեծ ակնակալիքներ ունենալը լուրջ չէ, ժամանակը ցույց կտա, թե ինչ արդյունք կարող են ունենալ այդ բանակցությունները:
- Ի՞նչ եք կարծում՝ Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալը հնարավո՞ր է մոտ ապագայում:
- Արցախը միանշանակ պետք է վերադառնա բանակցային սեղան: Առհասարակ, հակամարտությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտություն է, և սխալ է այն կոչել հայ-ադրբեջանական: Նման մոտեցումը թուլացնում է նաև Երևանի դիրքերը: Ադրբեջանը հարձակվել է Ղարաբաղի, Ստեփանակերտի վրա: Մինչև Ադրբեջանը չհասկանա, որ հակամարտության կարգավորման շուրջ պետք է խոսի հենց Ստեփանակերտի հետ, ոչ մի արդյունք էլ չի լինի: Իսկ կհամաձայնեն բանակցել Արցախի հետ, թե ոչ՝ իրենց խնդիրն է: Ինձ համար Ղարաբաղի հարցը հիմնականում լուծված է, չհաշված, իհարկե, Գարդմանք, Ուտիք և որոշ այլ տարածքներ:
- Որքանո՞վ է այսօր մեծ պատերազմի վերսկսման հավանականությունը:
- 1994-ի մայիսից ամեն օր պատերազմի վերսկսման վտանգ կա և դրա ապացույցը 2016-ի Ապրիլյան պատերազմն էր: Ամեն անցնող օր մոտեցնում է մեզ հաջորդ պատերազմին: Ի վերջո, բանաձևը դեռ շատ վաղուց են տվել՝ si vis pacem, para bellum (ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի): Մենք պետք է լինենք պատերազմ զսպող, պատերազմ կանխարգելող, ոչ թե խաղաղություն մուրացող: