Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հիմնական երաշխավորը հանդիսանում է հենց ՊԲ-ն, որն ապացուցեց 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ, որը կատարվեց ի շնորհիվ հրամանատարների ու զինվորների, որ կողք կողքի մարտնչում էին և, ցավոք, նաև կորուստների գնով: Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Արցախի ՊԲ նախկին նախարար, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանը, հայտնում է Tert.am-ը:
«Հենց նրանք են ձախողել հակառակորդի պլանները, որոնք նախատեսված էին Արցախի Հանրապետության հանդեպ»,-ասել է նա: Լևոն Մնացականյանը նշել է, որ հարցի լուծման միակ ճանապարհը ռազմականն է, և պետք է պատրաստվեն մարտական գործողությունների. «Վաղ թե ուշ այդ գործողությունները կլինեն»,-ասել է նա:
Մնացականյանը նշել է նաև, որ շարունակում է մնալ նույն համոզման, որ 2016թ.-ի ապրիլին տեղի ունեցածը պատերազմ էր, և դա ասել են բազմակողմանի վերլուծության արդյունքում: Նա ասել է, որ, իհարկե, այդ պատերազմից պետք է որոշակի դասեր քաղել ու փոփոխություններ մտցնել բոլոր ուղղություններով, առաջին հերթին նման միջոցների դեմ պայքարի հնարավորությունները մեծացնեն, ինչն էլ արվել է: Պաշտպանության վրա են շեշտը դրել, բարձրացրել են զինծառայողների անվտանգության աստիճանը և նման միջոցներից խոցման հնարավորությունները, նաև հաստիքային, կառուցվածքային փոփոխություններ են կատարել, տեխնիկապես են վերազինվել, ինչը շարունակական կլինի: