2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 25-ամյա զինադադարից հետո Ադրբեջանի նախաձեռնությամբ Արցախի հետ սահմանի ողջ երկայնքով սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ։
Թեմայի շուրջ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներից Հայկ Թորոսյանի հետ, ով ծառայել է Մարտակերտի շրջանում:
- Ո՞ր պահից գիտակցեցիք, որ լայնամասշտաբ ռազմական գործողություններ են, ոչ թե դիվերսիա:
- Սկզբից չէի հասկանում, որ պատերազմ է: Տագնապից հետո, երբ արդեն մարտական հենակետում էի, հասկացա. հնարավոր չէր չհասկանալ, քանի որ շուրջս պայթյուններ էին որոտում: Ասեմ ավելին, հասկացա` վիճակը լուրջ է:
80 օրվա ծառայող էի… ու պատերազմ… վախենում էի… Ու գիտեք, չեմ հավատա, որ որևէ մեկը, ով անցել է պատերազմի միջով, ասի, որ չի վախեցել: Բայց փորձում էի վանել բոլոր այն մտքերը, որոնք որևէ կերպ կարող էին խանգարել: Մտածում էի միայն հրամանի մասին, միայն առաջադրանքս իդեալական կատարելու մասին: Մտածում էի, որ ուսերիս դրված է առաջադրանք` իմ մարտական հաշվարկի անվտանգության ապահովումը, պետք էր այն մինչև վերջ պատվով իրականացնել: Դիրքեր բարձրանալուց հետո հակառակորդի դեմ չեմ հասցրել երկար պայքարել. ապրիլի 2-ի առավոտյան մարտական առաջադրանք կատարելու ժամանակ հակառակորդի կողմից նետված արկի պայթյունի պատճառով ստացել եմ գանգուղեղի թափանցող բեկորային վնասվածք: Վիրավորում ստանալու օրվա ընթացքում հոսպիտալից տեղափոխել են Ստեփանակերտ, ապա` ուղղաթիռով Երևան: Չորս թե հինգ օր կոմայի մեջ եմ եղել, ասում են՝ հույս չի եղել, որ կապրեմ: Մինչ այդ ամեն ինչ արել եմ գերազանց հնարավորության սահմանում:
- Ի՞նչ ազդեցություն ունեցավ պատերազմը ձեր աշխարհընկալման վրա:
- Ինչ խոսք, շատ բան փոխվեց պատերազմից հետո: Պատերազմը ստիպեց հասունանալ: Եթե խաղաղ պայմաններում որոշակի ժամանակ էր հարկավոր այդ հասունությանը հասնելու համար, ապա պատերազմի դեպքում կայծակնային արագությամբ շատ բան հասկացանք:
Երբ հետհայացք եմ նետում այդ օրերին, ուզում եմ, որ վիրավորում ստացած չլինեի, ավելին անեի հայրենիքիս համար ու մինչև վերջ ընկերներիս կողքին լինեի: Այդ օրվանից ամենաշատը տպավորվել է օրվա աժիոտաժը: Կյանքումս այդքան խառը չեմ եղել` թե´ ֆիզիկապես, թե´ ապրումների առումով:
Պատերազմից առաջ պլաններս շատ էին, բայց մի րոպեում բոլորը փշրվեցին: Իսկ հիմա` քանի կամ, քանի շնչում եմ, փորձում եմ նոր պլաններ կազմել ու իրականացնել:
Զրուցեց Ռոզի Միքայելյանը