Ինչպե՞ս ճիշտ սնվել գարնանը: Թեմայի շուրջ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է բժիշկ-դիետոլեգ Լիդիա Այվազյանի հետ:
- Ի՞նչ ազդեցություն է ունենում գարունը մարդու օրգանիզմի վրա:
- Առհասարակ եղանակի կտրուկ փոփոխություններն անպայման անդրադառնում են մարդու առողջության և ինքնազգացողության վրա։
Գարնանը հաճախ մենք «վերապրած» ենք լինում «անվիտամին» ձմեռ: Այստեղից հետևում է, որ գարունն օրգանիզմի վիտամինային քաղցի ժամանակահատված է։ Սա լավ շրջան է մեծ քանակությամբ թարմ, սեզոնային բանջարեղեն ուտելու համար, որպեսզի վերականգնվեն ձմռանը վատնած «պաշարները»:
- Ի՞նչ սննդակարգ եք դուք առաջարկում տարվա այս եղանակի համար:
- Ես խորհուրդ կտամ փնտրել և գտնել բոլոր սեզոնային սննդային խոտերը և ուտել թե´ թարմ վիճակում, թե´ տապակայի կամ ապուրների ձևով։
Նաև ասեմ, որ պետք է ավելի շատ զբոսնել, հատկապես արևոտ օրերին առավոտյան մինչև 12-ը, քանի որ ձմռան ընթացքում նաև վիտամին D-ի դեֆիցիտ ենք ունեցել, իսկ ինչպես գիտենք, վիտամին D-ի հիմնական աղբյուրն արևն է:
Նշեմ, որ վիտամին D-ն օրգանիզմին հարկավոր է բնականոն նյութափոխանակության և կենսագործունեության համար: Այս վիտամինի պակասի դեպքում ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների, հատկապես կանանց օրգանիզմը վատ է յուրացնում սննդի մեջ առկա կալցիումը և ֆոսֆորը, ինչի հետևանքով ոսկորները փափկում են և սկսում են ծռվել. երեխաների մոտ առաջանում է ռախիտ, իսկ մեծահասակների, հատկապես կանանց մոտ` ոսկրակակղանք` ավելացնելով օստեոպորոզի ռիսկերը:
- Ինչի՞ց պետք է հրաժարվել:
- Առհասարակ, անկախ եղանակից, պետք է հրաժարվել վերամշակում անցած մթերքներից, շաքարից, մեծ քանակությամբ աղից և ճարպից։
Զրուցեց Ռոզի Միքայելյանը