Թեհրանը երբեք էլ մեծ հույսեր չի կապել Եվրոպայի պետությունների հետ նրանց կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կատարման հարցում և ավելի մեծ կարևորություն է տվել իր ավանդական գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Թեհրանը երբեք մեծ հույսեր չի կապել եվրոպացիների հետ (նրանց կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կատարման առումով)»,- ասել է Իրանի ԱԳՆ-ի ղեկավարը: Զարիֆի խոսքով՝ վերջին ժամանակներս, հատկապես ԳՀՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, «Իրանն իր ուշադրությունը կենտրոնացրել է հարևան երկրների հետ համագործակցության վրա, որոնք Թեհրանի ավանդական գործընկերներն են և նրա կողքին են մնում դժվարին իրավիճակներում, ինչպիսին են, օրինակ, Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան և Իրաքը»:
Եվրոպական պետություններն սկզբնապես ԳՀՀԾ-ն դիտում էին որպես մեծ ձեռքբերում, սակայն, ինչպես կարծում է Իրանի ԱԳ նախարարը, «նրանք, հավանաբար, բավականաչափ ուժեղ չէին, որպեսզի պաշտպանեին այդ համաձայնագիրը»:
«Անկասկած, Եվրոպայի երկրները հնարավորություն չունեին դիմակայելու ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին»,- հավելել է Զարիֆը: