Մոսկվան Երևանին և Բաքվին կտրամադրի անհրաժեշտ աջակցություն, որպեսզի կյանքի կոչվեն այն գաղափարները, որոնք ձեռք են բերվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` ադրբեջանական ONA գործակալությանը տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում ղարաբաղյան կարգավորման հարցում աջակցությունը կողմերին համարվում է կարևորագույն արտաքին քաղաքական առաջնահերթություններից։
«Այդ հանգամանքը հատուկ նշանակություն է տալիս իրականացվող միջնորդական գործունեությանը, որոշում բարձր ուշադրությունը նրա արդյունքների հանդեպ։ Աշխատում ենք այլ պետությունների հետ սերտ փոխգործակցությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- ասել է Զախարովան:
Այս համատեքստում անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը` Զախարովան շեշտել է, որ դա «Հայաստանի ներքին գործն է»:
«Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը ընթացքի մեջ է, կողմերը ցուցաբերում են աշխատանքը շարունակելու մտադրություն` խաղաղ կարգավորման հասնելու համար», - ավելացրել է նա: