ԵՄ-ն դատապարտել է Վենեսուելայի սահմանադրական ասամբլեայի որոշումը, որով անձեռնմխելիությունից զրկվում է ընդդիմության առաջնորդ, իրեն երկրի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուայդոն, փոխանցում է Reuters-ը:
«ԵՄ-ն մերժում է Խուան Գուայդոյի խորհրդարանական անձեռնմխելիությունը չեղարկող չճանաչված Սահմանադրական ասամբլեայի որոշումը: Այս որոշումը Վենեսուելայի սահմանադրության, ինչպես նաև օրենքի գերակայության և իշխանության բաժանման լուրջ խախտում է»,- նշված է ԵՄ հայտարարության մեջ: «Այս գործողությունները խափանում են ճգնաժամից դուրս գալու քաղաքական ելքը և տանում են միայն հետագա մեկուսացման և երկրում լարվածության թեժացման»:
Ապրիլի 3-ին Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեան թույլ է տվել շարունակել Գուայդոյի քրեական հետապնդումը՝ դրանով բավարարելով Գերագույն դատարանի միջնորդությունը քաղաքական գործչին անձեռնմխելիությունից զրկելու մասին: Դատական ատյանն իր հարցումը հիմնավորել էր Գուայդոյի կողմից դատական արգելքի խախտմամբ: Հունվարին դատարանը որոշել էր, որ նա երկրից դուրս գալ չի կարող՝ կապված նրա դեմ սկսված նախաքննությամբ, չնայած դրան, ընդդիմադիրը Կոլումբիա էր մեկնել: