Ռուսաստանը պետք է դուրս գա Վենեսուելայի տարածքից, և Վաշինգտոնը դիտարկում է բոլոր հնարավոր միջոցները, որ կստիպեն Մոսկվային անել դա: Հնարավոր բոլոր միջոցներ ասելով ԱՄՆ-ում նկատի ունեն նոր պատժամիջոցների կիրառման հնարավորությունը: Այս մասին Սպիտակ տանը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, մի շարք պետությունների կողմից այդ երկրի ժամանակավոր նախագահ ճանաչված Խուան Գուաիդոյի տիկնոջ՝ Ֆաբրինա Ռազալեսի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հավելելով, թե Մոսկվան պետք է դադարեցնի աջակցությունը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին: Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը Ռուսաստանի գործողությունները Վենեսուելայում անվանել էր անցանկալի սադրանք:
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Թրամփի հայտարարությանը՝ հակադարձելով, որ մինչև Վենեսուելայից դուրս գալու մասին խորհուրդներ տալը ԱՄՆ-ը պետք է իրագործի Սիրիայից դուրս գալու մասին իր իսկ հայեցակարգը: Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը հայտարարել էր, թե Թրամփը խառնվում է երկու ինքնիշխան պետությունների հարաբերությունների մեջ: Կոսաչևը շեշտել է, որ Ռուսաստանն օրինական հիմունքներով զարգացնում է իր ռազմատեխնիկական համագործակցությունը Վենեսուելայի հետ:
Վերենսուելայում Ռուսաստանի ռազմական ներկայության ամրապնդումը ցույց է տալիս, որ ճգնաժամը կարող է ձգձգվել և Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև անուղղակի առճակատման վերածվել`«ստիպելով» Թրամփին դիմել դիվանագիտական և տնտեսական պատժամիջոցների:
Տպավորություն է ստեղծվում, որ Վենեսուելայի «ներքին» խնդիրը վերածվում է մեծ տերությունների հակասությունների նոր առիթի: Ի դեպ, Վենեսուելայում Չինաստանը ևս սկսում է ամրապնդել իր դիրքերը: Ռուսաստանն ու Չինաստանը պնդում են, որ Վենեսուելայի առաջնորդին իրենց աջակցությունը համապատասխանում է վենեսուելական և միջազգային իրավունքի նորմերին:
Իսկ մինչ այդ ամերիկացի պաշտոնյաները նոր պատժամիջոցներով են սպառնում Մոսկվային: Հարկ է նշել, որ Մոսկվայի ներկայությունը կարելի է աշխարհաքաղաքական քայլ դիտարկել` ազդեցության ոլորտները ընդլայնելու համատեքստում: