Ողջունելով Շեն Յուեյուեին կառավարությունում՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բարեկամ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է, և ՉԺՀ ԺՆՀԺ մշտական կոմիտեի նախագահի տեղակալի այցը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների համագործակցությանը: Բարձր գնահատելով հայ-չինական հարաբերությունների ներկայիս մակարդակը՝ վարչապետն ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է քաղաքական, տնտեսական, հումանիտար, տեխնոլոգիական և այլ ուղղություններով փոխշահավետ կապերի զարգացմամբ և ներդրումների ներգրավմամբ:
Շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար՝ Շեն Յուեյուեն նշել է, որ Չինաստանի համար Հայաստանը բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր: Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և Չինաստանը շահագրգռված է դրանց հետագա զարգացմամբ, ներառյալ նաև՝ միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմամբ:
Նիկոլ Փաշինյանը ևս կարևորել է միջխորհրդարանական կապերի աշխուժացումը՝ նշելով, որ պատգամավորական աշխատանքի տարիներին, որպես ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամ, ակտիվ մասնակցել է հայ-չինական բարեկամության ամրապնդման գործին և որպես վարչապետ՝ շարունակելու է ջանքերն այդ ուղղությամբ: Շեն Յուեյուեն նշել է, որ Չինաստանը բարձր է գնահատում խորհրդարանական գործունեության ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներդրումը երկկողմ կապերի զարգացման ուղղությամբ, և այժմ պատրաստ է խորացնելու սերտ փոխգործակցությունը:
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Չինաստանի հավասարակշռված դիրքորոշման համար՝ կարևորելով միջազգային հանրության աջակցությունը խաղաղ կարգավորման գործընթացին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ «Մեկ Չինաստան» սկզբունքին: Մշտական կոմիտեի նախագահի տեղակալը նշել է, որ Չինաստանը շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին՝ կարևորելով հակամարտության լուծումը քաղաքական երկխոսության ճանապարհով և տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: