Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն որոշել է գործի դնել օրենսդրական բոլոր միջոցները` ընդդիմության առաջնորդ, իրեն երկրի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուաիդոյին քաղաքական դաշտից դուրս մղելու համար: Վերջինս ոչ միայն Վենեսուելայի գերագույն դատարանի երաշխավորությամբ զրկվեց խորհրդարանական անձեռնմխելիությունից, այլ նաև նրա դեմ քրեական դատավարություն հարուցվեց: Գուաիդոն, ինչպես նշում է Մադուրոն, «պետք է պատասխան տա ամեն ինչի համար, որ արել է, այդ թվում հայրենիքի դավաճանության համար»:
Սակայն Գուաիդոյին ձերբակալելը կարող է էլ ավելի խորացնել Վենեսուելայում տիրող իրավիճակը` հանգեցնելով անգամ քաղաքացիական պատերազմի: Ընդդիմադիրներն արդեն իսկ Գուաիդոյից իր հնարավոր ձերբակալության դեպքում ուժ կիրառելու վերաբերյալ հատուկ հրահանգներ են ստացել: Դա առավել քան վտանգավոր է՝ հաշվի առնելով, որ հասարակությունը բաժանված է երկու ճամբարների: Վենեսուելական Meganalisis ընկերության կողմից անցակացված սոց․ հարցումների արդյունքների համաձայն բնակչության մոտ 80%-ն աջակցում է ընդդիմության առաջնորդին, իսկ 20%-ը, ինչպես նաև ոստիկաններն ու զինվորականները` Մադուրոյին:
Իրավիճակը կարող է էլ ավելի սրվել ԱՄՆ-ի հնարավոր միջամտության հետևանքով: Միացյալ Նահանգները մեկ անգամ չէ, որ զգուշացրել է Մադուրոյի վարչակազմին, որ իրենց կողմից Վենեսուելայի օրինական նախագահ ճանաչված Խուան Գուաիդոյի ձերբակալությունը խիստ հակազդեցության կարժանանա նաև իրենց կողմից:
Նշենք, որ Վենեսուելայի իշխանություններն այս միջոցներին սկսեցին դիմել այն բանից հետո, երբ Խուան Գուաիդոն կոչ արեց հանրությանը բողոքի ակցիաներ կազմակերպել ամեն անգամ էլեկտրաէներգիայի խափանման ժամանակ և ապրիլի 6-ը հռչակեց «Ազատություն» գործողության շրջանակներում Մադուրոյին տապալելու մարտավարական գործողությունների սկիզբ: Վենեսուելայում մեկ ամսվա ընթացքում արդեն իսկ 4 անգամ տարբեր հարձակումներ են տեղի ունեցել «Էլ Գուրի» ՀԷԿ-ի վրա:
Ի դեպ, Մադուրոն ինքը խոստովանում է, որ հեղաշրջման այս նախագիծը բավականին արդյունավետ է գործում: Առանց էլեկտրաէներգիայի թողնելով բնակչությանը` ընդդիմությունը դրդում է նրանց ավելի շատ հիասթափվել իշխանությունից և մղում է հստակ գործողությունների: Նշենք, որ ըստ ծրագրի` ներկայիս նախագահին տապալելու գործողությունը պետք է ավարտվի Կարակասում լայնամասշտաբ բողոքների ակցիաների միջոցով:
Ներկայիս նախագահը դեռևս կարողանում է վերահսկել իրավիճակը զինվորականների աջակցությամբ: Սակայն ամեն ինչ կարող է վերահսկողությունից դուրս գալ, եթե վերջիններս նույնպես ինչ-որ պահի որոշեն անցնել ընդդիմության կողմը: