Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նամակ է հղել Եվրոպական Միության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին` խնդրելով հետաձգել Brexit-ի ժամկետը մինչև հունիսի 30, որպեսզի Բրիտանիայի խորհրդարանականները հասցնեն համաձայնության գալ Եվրամիության հետ գործարքի շուրջ:
Սա մեծ Բրիտանիայի կողմից ժամկետի հետաձգման արդեն երկրորդ խնդրանքն է` ուղղված Եվրամիությանը: Առաջին խնդրանքին ի պատասխան Եվրամիությունը հնարավորություն էր տվել հետաձգել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետը մարտի 29-ից մինչև մայիսի 22` համաձայնեցված գործարքը խորհրդարանի կողմից հաստատելու դեպքում, հակառակ պարագայում` մինչև ապրիլի 12:
Կրկնակի հետաձգման մասին խնդրանքից պարզ է դառնում, որ բրիտանական խորհրդարանն այս փուլում ևս որևէ կերպ չի պատրաստվում ընդունել Մեյի կառավարության կողմից Բրյուսելի հետ 2018թ. նոյեմբերին համաձայնեցված գործարքը: Դրան չօգնեց նույնիսկ Թերեզա Մեյի`Brexit-ի իրագործումից հետո հրաժարական տալու մասին խոստումը:
Մեծ Բրիտանիան հայտնվել է, չվախենանք ասել, «սյուռ» իրավիճակում: Պատգամավորները, այդ թվում իշխող Պահպանողական կուսակցության ներկայացուցիչները, ձայների ճնշող մեծամասնությամբ մերժում են կառավարության և ԵՄ միջև համաձայնեցված գործարքը, միևնույն ժամանակ մերժում են նաև տարբեր խորհրդարանականների կողմից ներկայացված բոլոր այլընտրանքային տարբերակները: Մերժելով առկա գործարքը և բոլոր այլընտրանքները՝ խորհրդարանը հավանական է դարձնում «կոշտ» Brexit-ը`լքել Եվրամիությունն առանց որևէ գործարքի, ինչի կողմնակից են շատ եվրահոռետես պատգամավորներ: Սակայն իրավիճակի հակասականությունը կայանում է նաև նրանում, որ ավելի վաղ այդ նույն խորհրդարանը մերժել էր նաև կոշտ Brexit-ի տարբերակը:
Առանձին հետաքրքրություն է ներկայացնում նաև այն հանգամանքը, որ վարչապետը երկրի համար հույժ կարևորություն ունեցող այս հարցում, չունենալով իր ղեկավարած կուսակցության աջակցությունը, դիմում է ռիսկային կամ հուսահատ մի քայլի, և սկսում ելքեր որոնել փակուղային այս իրավիճակից ընդդիմության հետ:
Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Մեծ Բրիտանիայի օրենսդիր մարմինը երկրի պատմության մեջ կարևորագույն մի փուլում տարբեր ներքաղաքական, ներկուսակցական, միգուցե նաև ավելի լուրջ պատճառներով բոյկոտում է խնդրի լուծումը և այդ լուծմանը բոլոր այլընտրանքները` միաժամանակ չառաջարկելով որևէ այլ, պրագմատիկ լուծում ստեղծված իրավիճակից:
Ապրիլի 10-ին հրավիրված է Եվրամիության արտահերթ գագաթաժողով Brexit-ի հարցով: Հնարավոր է՝ ԵՄ անդամ 27 պետությունների ղեկավարները որոշեն մեկ անգամ ևս ընդառաջել Մեծ Բրիտանիային և հետաձգել փաստացի բաժանումը: Սակայն խորհրդարանի ներկայիս տրամադրությունները դեռևս հույս չեն ներշնչում, որ իրավիճակը կվերադառնա կառուցողական հուն և փակուղին կհաղթահարվի: Առայժմ տիրում է անորոշությունը, իսկ «կոշտ» Brexit-ի հավանականությունն ամենամեծն է: