Վրաստանի Հայ Առաքելական Եկեղեցու Հայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը սեփական ցանկությամբ լքում է զբաղեցրած պաշտոնը:
Այս մասին, ինչպես գրում է Jnews.ge-ն, նա հայտարարել է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական նորանշանակ փոխանորդի ներկայացման ժամանակ:
«Ուզում եմ պաշտոնապես հայտնել, որ վերադառնալու եմ Հայաստան և իմ հոգևոր ծառայությունը Էջմիածնում շարունակելու: Ուզում եմ շնորհակալություն հայտնել և ասել՝ սա պաշտոնապես իմ վերջին այցն է Սամցխե-Ջավախք և մոտ ժամանակներում Վիրահայոց թեմը նոր առաջնորդ կունենա»,- հայտարարել է Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Թեմակալ առաջնորդը Սամցխե-Ջավախքի փոխանորդի նշանակումը համարում է իր 17 տարիների աշխատանքի կարևորագույն դրվագներից մեկը: Նա իր հոգևոր ծառայությունը Վիրահայոց թեմում արգասաբեր է գնահատում, հաղորդում է Tert.am-ը: