Գերմանիան դարձավ Եվրամիության անդամ 11-րդ երկիրը, որը վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը։ Մոտ ապագայում սպասվում է համաձայնագրի վավերացումը նաև Շվեդիայի կողմից։
Հաշվի առնելով Գերմանիայի դերակատարումը Եվրամիությունում՝ նրա կողմից համաձայնագրի վավերացումը կարող է կարևոր ազդակ հանդիսանալ նաև ԵՄ անդամ մյուս երկրների համար և արագացնել վավերացման գործընթացը։
Այս համատեքստում բավական ուշագրավ և մտահոգիչ է Ֆրանսիայի «Դանդաղկոտությունը» վավերացման գործընթացում։ Բնական է, որ վավերացման գործընթացի տեմպերը կախված են ԵՄ անդամ երկրներից յուրաքանչյուրի ներքաղաքական օրակարգից, ինչպես նաև ընթացակարգերից։ Սակայն, Հայաստանի իշխանությունների խնդիրը պետք է լինի թե՛ անձնական, թե՛ կուսակցական, թե՛ պետական կապերի միջոցով առաջ մղել գործընթացն ու հարցի արդիականությունը ԵՄ անդմաների ներքին օրակարգում։ Իսկ Ֆրանսիայի պարագայում, դա առավել քան արդիական է։
Շեշտը պետք է դրվի երկկողմ հարաբերությունների վրա, որպեսզի ԵՄ անդամ բարեկամ երկրները, իրենք արագ վավերացնելով ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, հետագայում ուղղակի և անուղղակի «լոբբինգ» իրականացնեն նաև ԵՄ անդամ մյուս երկրների շրջանում։
Հետագայում այս նույն սկզբունքը կարելի է որդեգրել նաև Հայաստանի համար Եվրամիության վիզային ռեժիմի ազատականացման հարցում։ Եթե, հաշվի առնելով բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ, Գերմանիան և Ֆրանսիան համաձայնություն տան վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկին, մյուս երկրների հետ պայմանավորվելը զգալիորեն ավելի հեշտ կլինի։
Ամփոփելով արձանագրենք, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի հնարավորինս արագ վավերացումը խիստ կարևոր է Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ Սակայն դրա համար պետք է հետևողական և ինտենսիվ աշխատանք տանել։