Ռուսաստանի և Հայաստանի փրկարարները սկսել են հումանիտար օգնության առաքումը հեղեղումներից տուժած Իրանի բնակչությանը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությանը։
«Ռուսաստանի ԱԻՆ-ը Հայաստանի ԱԻՆ-ի հետ միասին, Իրանի Իսլամական Հանրապետության խնդրանքով, հումանիտար օգնության բեռներ է ուղարկում Իրանի բնակչության կարիքների համար »,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ բեռների մեջ են վրաններ, ծածկոցներ և ծալովի մահճակալներ՝ ավելի քան 4 հազար միավոր նյութական միջոցներ: Օգնությունը տրամադրվել է հայ-ռուսական հումանիտար աջակցության կենտրոնի միջոցով:
Նշենք, որ Իրանում հորդառատ տեղումների հետևանքով ջրհեղեղ է: Հեղեղումների հետևանքով տուժածների թիվը հասել է 60 000-ի, 700-ը՝ վիրավորվել է, 70-ը՝ մահացել: Ըստ օդերևութաբանների, ջրհեղեղի վտանգը դեռ պահպանվում է: