Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններն ուղեկցվել են համակարգային խախտումներով, որի արդյունքում իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունից ձայներ են գողացել: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Ավելի վաղ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը դիմել էր ԿԸՀ՝ բողոքարկելով մարտի 31-ին կայացած ՏԻՄ ըտրությունների, մասնավորապես՝ Ստամբուլում արձանագրված նախնական արդյունքները: Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթում է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն:
«Ստամբուլում կայացած ընտրություններում ոչ թե հատուկենտ խախտումներ են գրանցվել, այլ համակարգային: Մենք տեսնում ենք, որ կազմակերպությունը գործում է և հանցագործություն է կատարում: Քաղաքացիները պնդում են, որ իրենց իրավունքները լիովին պաշտպանված լինեն, և մեր պարտականությունը դա կատարելն է: Կան շատ ապացույցներ՝ տեսախցիկների և այլ փաստերի տեսքով: Խոսքն ընտրատարածքներում ձայներ գողանալու մասին է»,- ասել է Թուրքիայի առաջնորդը և հավելել, որ Ստամբուլում կա շուրջ 10 մլն ընտրող, և որևէ մեկն իրավունք չունի ժամանակից շուտ խոսել հաղթելու մասին և որ վերջնական որոշում կկայացնի ԿԸՀ-ն: