Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների հետ ապրիլի 8-ին կայացած հանդիպումից հետո համաձայնեց պատասխանել մի քանի հարցերի, փոխանցում է Sputnik-Արմենիան:
«Սպայկա» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակում գյուղատնտեսական արտադրանքի մթերումը տապալելու հարցին ի պատասխանը Փաշինյանը շեշտեց, որ չի կարծում, թե որևէ ընկերություն ի զորու է շանտաժի լեզվով խոսել ՀՀ քաղաքացու, գյուղացու և կառավարության հետ:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների արդյունքներից: Փաշինյանը արձանագրեց, որ պետք չէ հարցին մոտենալ այն տեսանկյունից, թե եթե Ղարաբաղի հարցը չի կարգավորվել, ուրեմն որևէ բանակցություն արդյունավետ չի:
Ինչ վերաբերում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին հայտարարությանն ի պատասխան Բաքվից հնչող այն մտքին, թե իրենք բանակը պատրաստում են պատերազմի, ՀՀ վարչապետը կտրուկ արձագանքեց.
«Մենք ասում ենք ՝ մեզ մի վախեցրեք պատերազմով, որովհետև մենք պատերազմից վախեցող չենք: Մենք ասում ենք՝ մենք թիվ մեկ ջատագովն ենք, որ Ղարաբաղի հարցը լուծվի խաղաղ ճանապարհով և մենք ամեն ինչ անելու ենք խաղաղության օրակարգի առաջմղման համար: Բայց դա չի նշանակում, թե մենք պատերազմի սպառնալիքից վախենալու ենք. ավեի շատ Ադրբեջանն ունի վախենալու բան, վախենալու բան ունի ամբողջ տարածաշրջանը»:
Վարչապետը կրկին շեշտեց՝ եթե մեզ պարտադրվի պատերազմ, մենք հակառակորդին խաղաղություն պարտադրողի դերում ենք լինելու: