Ապրիլի 7-ին ամերիկյան «Los Angeles Lakers» և «Utah Jazz» թիմերի միջեւ կայացած բասկետբոլային հանդիպումից հետո Հայկական երիտասարդական ֆեդերացիայի (AYF) ներկայացուցիչները Լոս Անջելեսում «Staples» սպորտային համալիրի մոտ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված լուռ ակցիա են անցկացրել, հաղորդում է Asbarez-ը:
Ակցիայի ժամանակ հայ երիտասարդները լուռ պառկել են գետնին, դրանով այցելուների ուշադրությունը գրավելով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին:
«Մենք այստեղ ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության ընթացքում Թուրքիայի կողմից կատարված վայրագությունների մասին հասարակությանն իրազեկելու և ուշադրություն հրավիրելու այն փաստի վրա, որ հայերի նկատմամբ արդարությունը դեռ չի վերականգնվել»,- ասել է Հայ դատի հանձնախմբի համանախագահ Հակոբ Հաջիբեկյանը: