Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստրասբուրգ կատարելիք այցի օրակարգի վերաբերյալ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Պարույր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետին հարցեր տալու համար արդեն իսկ կան գրանցվածներ, ցուցակը բազմազան է, իսկ գրանցումը դեռևս շարունակվում է: «Կարելի է պատկերացնել, որ հարցեր կլինեն Հայաստանում ժողովրդավարության, տարածաշրջանային զարգացումների, Լեռնային Ղարաբաղի խնդրի, եվրոպական և այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ: Հարցերը կլինեն բազմազան»,- մանրամասնել է Հովհաննիսյանը:
Նա նաև հայտնել է, որ ՀՀ վարչապետին հարց տալու համար գրանցվել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի գրեթե ամբողջ պատվիրակությունը: Նրա խոսքով՝ ադրբեջանցիների հարցերը կանխատեսելի են: