Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հավակնում է ռեկորդ սահմանել` դառնալով Իսրայելի պատմության մեջ ամենաերկար կառավարած վարչապետը: Իսրայելում ապրիլի 9-ին կայացած արտահերթ ընտրություններում, նախնական արդյունքներով, առաջատարը գործող վարչապետի «Լիկուդ» կուսակցությունն է: Սակայն սա դժվար է հաղթանակ անվանելը: «Լիկուդ»-ի հիմնական մրցակից Բենի Գանցի գլխավորած ցենտրիստական «Կախոլ-Լավան» կուսակցությունների բլոկը խորհրդարանում կստանա նույնքան մանդատ, որքան «Լիկուդ»-ը:
Պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը խորհրդակցություններ կանցկացնի ընտրական շեմը հաղթահարած բոլոր կուսակցությունների հետ և կառավարության ձևավորման համար կընտրի Կնեսեթում ամենամեծ աջակցությունը վայելող պատգամավորին: Հավանականությունը, որ դա կլինի Բենի Գանցը, շատ փոքր է` թեև «Լիկուդ»-ն ու «Կախոլ-Լավան»-ը ստացել են հավասար քանակով տեղեր, սակայն խորհրդարանում աջակողմյա ուժերը գերիշխում են (նախնական տվյալներով` 65 մանդատ): Նրանք արդեն հայտարարել են, որ չեն պատրաստվում Բենի Գանցի հետ կոալիցիա կազմել:
Նշենք, որ իսրայելական հասարակությունում աջակողմյա տրամադրությունները բավականին արմատացած են, և սոցհարցումների արդյունքները, որոնք հաղթանակը կանխատեսում էին Գանցին, ավելի շատ արտահայտում են հասարակության վերաբերմունքը Նեթանյահուի նկատմամբ:
Ընտրություններից առաջ գլխավոր դատախազի հայտարարությունը, որ պատրաստվում է կոռուպցիայի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու գործով մեղադրանք առաջադրել Նեթանյահուին, բացասական ազդեցություն ունեցավ վերջինիս հեղինակության վրա: Սակայն մեղադրանքն այդպես էլ չառաջադրվեց:
Նեթանյահուի` գրանցած արդյունքի վրա մեծ ազդեցություն ունեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գոլանի բարձունքներն իսրայելական ճանաչելու փաստը, ինչպես նաև ընտրություններից առաջ Նեթանյահուի հայտարությունը` Արևմտյան ափի հրեական բնակավայրերի անեքսիայի մտադրության մասին: Նշենք, որ վերջին շրջանում իսրայելական հասարակության որոշ շերտերի մոտ լուրջ դժգոհություն կար, քանի որ Գազայի հատվածում իշխանությունները բավարար վճռականություն չէին ցուցաբերում` երկրի անվտանգությունն ապահովելու համար: Սա էական դեր ունեցավ գործող կոալիցիայի փլուզման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու հարցում: Պետք է նկատել, որ Նեթանյահուն նախընտրական շրջանում փորձեց ուղղել նաև այդ սխալը` Գազայի հետ սահմանին զորքեր կուտակելով հերթական լարվածության ժամանակ: Այս ամենը, սակայն, Նեթանյահուին հնարավորություն տվեց ստանալ միայն կառավարություն ձևավորելու իրավունքը, այլ ոչ թե իսրայելցիների մեծ մասի աջակցությունը: Նեթանյահուի «Lիկուդի» օգտին քվեարկել է իսրայելցիների ընդամենը 29 տոկոսը: