Մեծ Բրիտանիայի կառավարությունը մինչև հոկտեմբերի 31-ը Եվրամիությունից երկրի դուրս գալու ժամկետի նոր հետաձգման կապակցությամբ, որը ապրիլի 11-ին հաստատվել է ԵՄ-ի արտակարգ գագաթնաժողովում, հայտարարել է հատուկ պայմաններում՝ ԵՄ-ի հետ գործարքի բացակայության դեպքում, գործողությունների ծրագրի չեղարկման մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ապրիլի 12-ին հայտնել է The Guardian թերթը:
Ընդսմին Operation Yellowhammer անվանված ծրագրի իրագործման նախապատրաստման ծախսերը, ըստ հրատարակության տվյալների, արդեն գերազանցել են 1,5 մլրդ ֆունտ ստեռլինգը (գրեթե 2 մլրդ դոլար):
«Մենք հրաժարվեցինք օպերատիվ պլանից, և այդ որոշումն անհապաղ ուժի մեջ է մտնում»,-թերթը մեջբերել է նախարարների կաբինետի հայտարարությունը: Նման միջոցներ, ինչպես պարզ է դառնում հաղորդագրությունից, հետագայում կձեռնարկվեն «միայն համակողմանի քննարկումից հետո»:
«Որպես պատասխանատու կառավարություն, մենք ավելի քան երկու տարի պատրաստվում էինք այն բանին, որ նվազագույնի հասցնենք ամեն տեսակ խափանումները գործարքի բացակայության դեպքում»,-իր հերթին նշել է վարչապետի դիվանատան պաշտոնական ներկայացուցիչը: Սակայն վերջին իրադարձությունների լույսով, հատուկ միջոցների ընդունման ժամկետները, նրա խոսքով, վերանայվել են: «Մենք այսուհետև էլ անհրաժեշտ բոլոր քայլերը կանենք» ծագող խնդիրները լուծելու նպատակով»,- հավաստիացրել է նա:
Ծրագրին համապատասխան, նախատեսվում էր Միացյալ Թագավորությունում մտցնել «օպերատիվ կառավարման» հատուկ համակարգ, որը կներառեր գրեթե 6 հազար մարդ: Այն կոչված էր կանխելու, մասնավորապես, պարենամթերքի, վառելիքի, ֆինանսական ոլորտում ռեսուրսների անբավարարությունը: Նրա աշխատակիցները սերտորեն կապված են արտակարգ հանգամանքներում, տվյալ դեպքում՝ առանց գործարքի Brexit-ի պայմաններում, երկրի կառավարմանը մասնակցող առաջատար նախարարությունների ու գերատեսչությունների հետ: Դրանց թվում են՝ շրջակա միջավայրի պահպանության, պարենամթերքի և գյուղատնտեսական զարգացման, տրանսպորտի, ֆինանսների նախարարությունները և թագավորական հարկային-մաքսային ծառայությունը:
Մեծ Բրիտանիան ԵՄ-ն պետք է լքեր 2019 թվականի մարտի 29-ին, այսինքն՝ դուրս գալու մասին գրավոր ծանուցում տալուց երկու տարի անց: