Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթում անդրադարձավ նաև Արցախում Եվրոպայի խորհրդի և, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անելիքներին: Վարչապետի ելույթով կրկին շեշտվեց Արցախում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և քաղաքացիական հասարակության կայացման գործում եվրոպական կառույցների աջակցության կարևորությունը:
Արցախում մարդու իրավունքների և ժողովրդավարության կայացման գործում եվրոպական կառույցների աջակցության մասին բավական շատ է խոսվել: Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները եվրոպական արժեհամակարգի հիմնասյուներն են: Դրանք համընդհանուր արժեք են և չպիտի ընտրովի կիրառվեն ու մեկնաբանվեն, առավել ևս՝ տարածքի քաղաքական կարգավիճակը չի կարող խոչընդոտ դառնալ այնտեղ ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության համար: Հատկանշական է, որ Եվրոպայի խորհրդի գաղափարական հիմքում հենց այս արժեքներն են:
Անշուշտ, Եվրոպան անելիքներ ունի Արցախում, որտեղ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը հռչակված են, որպես կարևոր առաջնահերթություններ: Բավական է միայն հիշել, որ Արցախը դեռ 2015 թվականից որդեգրել է միջազգային կոնվենցիաներին միակողմանիորեն միանալու քաղաքականություն՝ շարունակաբար բարելավելով երկրում ժողովրդավարության մակարդակը: Եվ այս ամենը սեփական ուժերով` առանց միջազգային կառույցների աջակցության ու հովանավորության:
Արցախում քաղհասարակության կայացման գործում մեծ դեր ու նշանակություն կարող են ունենալ եվրոպական կառույցներն ու իրավապաշտպան կազմակերպությունները: Կարևոր է հստակեցնել, որ աշխատանքն արցախյան հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ չի պահանջում Արցախի միջազգային ճանաչում: Այստեղ խնդիրն առաջին հերթին արժեքային դաշտում է: Իսկ իր արժեքներով ու արժեհամակարգով, ընտրած զարգացման ու առաջընթացի կուրսով Արցախը, անկասկած, Եվրոպայի մաս է: