«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց աշխարհում առաջին հայ տիեզերագնաց, ներկայումս Միչիգանի համալսարանի Առողջության պահպանման և հիվանդների անվտանգության կենտրոնի տնօրեն Ջեյմս Բաղյանի հետ:
- Պարո´ն Բաղյան, ինչո՞ւ որոշեցիք տիեզերագնաց դառնալ:
- Ավիացիան ինձ գերել է դեռ մանուկ հասակից: Հայրս` Ֆիլիպ Բաղյանը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է բարձր պարգևների արժանացած ռազմական օդաչու: Ենթադրում եմ, որ ինձ մոտ հետաքրքրություն սկսել է առաջանալ նրա պատմածների շնորհիվ: Նա ինձ ու եղբորս պատմում էր թռիչքի ընթացքում զգացած հաճելի պահերի, դժվարությունների և բավականության զգացումի մասին: Այդքան երիտասարդ տարիքում ավիացիոն ոլորտի նկատմամբ այդպիսի մեծ հետաքրքրությունն էլ, բնականաբար, հանգեցրեց դեպի տիեզերք թռիչք կատարելու և տիեզերագնաց դառնալու ցանկությանը:
- Դուք տիեզերքում եղել եք 337 ժամ: Ի՞նչ զգացողություններ ունեիք:
- Երբ սեփական աչքերովդ ես Երկրին Տիեզերքից նայում, ավելի շատ ես սկսում գնահատել մոլորակը, քան երբ նրան նայում ես նկարների կամ տեսանյութերի միջոցով: Երկրի հողային զանգվածների, օվկիանոսների գեղեցկությունն առանց քաղաքական սահմանների տեսնելը, և վերևից Երկրի բոլոր ժողովուրդների ու նրանց գործունեության մասին մտածելը բավականին տպավորիչ է:
Բացի այդ, տպավորված էի նաև հսկայական տեխնիկական ձեռքբերումով, որն է տիեզերանավի գործարկումը, և այն, թե որքան հաջողակ եմ ես, որ ինձ թույլ են տվել թռիչք իրականացնել դեպի տիեզերք, ինչպես նաև այն երախտագիտության զգացումը, որը եղել է բոլոր այն մարդկանց նկատմամբ, որոնց լավ աշխատանքի շնորհիվ եմ հասել այդ ամենին:
- Ո՞րն է ամենահիշարժան պահը Ձեզ համար:
- Ամենից վառ հիշում եմ այն պահը, երբ առաջին անգամ ուղեծրում էի. պատուհանից նայեցի հորիզոնին տեսնելու այն բարակ կապույտ գիծը` մթնոլորտը` այն, ինչը շրջապատում է Երկիրը: Այն ուներ գեղեցիկ էլեկտրիկ կապույտ գույն, և ինձ համար տպավորիչը դրա փոքր չափերն ու փխրությունն էր, հատկապես այն դեպքում, երբ մտածում ես, որ Երկիր մոլորակում ապրող բոլոր մարդիկ դրանից են կախված գոյատևման համար:
- Կպատմե՞ք Ձեր ընտանիքի հայկական սովորույթների մասին:
- Հորական կողմի պապերս Միացյալ Նահանգներ են արտագաղթել 1900թ.-ից անմիջապես հետո: Հայրս, նրա եղբայրներն ու քույրը առաջինն էին ընտանիքում, որ ծնվել են Միացյալ Նահանգներում: Նրանք միշտ հպարտանում էին իրենց հայկական ծագումով, և ես սիրով հիշում եմ իմ ընտանիքի հետ անցկացրած ամեն մի պահը, երբ վայելում էինք հայկական ծիրանն ու լսում հայրիկի ծնողների պատմած պատմությունները «հին երկրի» մասին:
-Ինչպես մեզ հայտնի է, Դուք Հայաստանում չեք եղել: Կուզենայի՞ք երբևէ այցելել:
- Դուք ճիշտ եք, ես երբեք չեմ եղել Հայաստանում, բայց կցանկանայի այցելել:
Զրուցեց Արփինե Մելիքյանը