Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյին: Շնորհակալական նամակում ասվում է.
«Հարգելի պարոն նախագահ,
Թույլ տվեք ՀՀ Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորին շնորհակալություն հայտնել Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունման համար:
Վստահ եմ, որ Պատգամավորների պալատի այդ քայլն իր կարևոր նպաստը կունենա մարդկության դեմ նման ոճրագործությունների կանխարգելման գործում: Իտալիայի Պատգամավորների պալատը ևս մեկ անգամ հավաստեց իր հավատարմությունը համամարդկային այն բարձր արժեքներին, որոնք դավանում է Իտալիայի ժողովուրդը:
Ընդունեք խնդրեմ, հարգելի պարոն նախագահ, խորին հարգանացս հավաստիքը»: