Կարծում եմ՝ հայ-ռուսական հարաբերությունները նորմալ են, բայց ռուսական հեռուստաալիքները մեղադրում են ինչ-որ բանի մեջ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ռուսական ԶԼՄ-ներն իրեն մեղադրում են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, հայտնում է Tert.am-ը:
Ըստ նրա՝ ինչպես Հայաստանում հայկական լրատվամիջոցներն են ազատ, այնպես էլ Ռուսաստանում՝ ռուսական: «Չնայած հիմա կարծիքներ կան, որ պետք չէ օտարերկրյա լրատվամիջոցները Հայաստանի Հանրապետությունում լինեն նույնքան ազատ, որքան հայաստանյան լրատվամիջոցները:
Յուրաքանչյուր ՀԸ պետք է գիտակցի, որ եթե հեռարձակվում է այդ պետության տարածքում, դա որոշակի կոռեկտություն է իրենց ենթադրում, հակառակ դեպքում մենք սխալ դաշտ կմտնենք»,-հայտարարել է վարչապետը, ապա հավելել.
«Ես կարծում եմ, որ, հնարավոր է՝ ռուսաստանյան հեռուստաընկերություններն այս խնդիրը հաշվի առնեն ու համապատասխան հետևություններ անեն», - ասել է նա, ապա նկատել, որ գործը քննվում է, ամեն ինչ դատական փուլը ցույց կտա: