Այսօր Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ Ռուսաստանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ: Ինքնին ինտենսիվ շփումների փաստը ողջունելի է, առավել ևս, որ դրանք անցնում են բավականաչափ կառուցողական մթնոլորտում, որը հնարավոր է դարձնում պայմանավորվածությունների ձեռքբերումն ու համատեղ հայտարարության համաձայնեցումը: Քիչ չեն եղել դեպքերը, երբ նման հանդիպումներն ավարտվել են առանց արդյունքների և նույնիսկ չի հաջողվել համատեղ տեքստ հրապարակել:
Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ, չնայած հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել խնդրի բոլոր ասպեկտներին՝ սահմաններին տիրող իրավիճակին, կարգավորման գործընթացին, հումանիտար ոլորտում համագործակցությանը, պայմանավորվածությունները վերաբերում են հենց վերջինին: Դրանից հետևում է, որ առնվազն այս պահի դրությամբ հենց այս ասպեկտով է հաջողվում երկխոսության մեջ հաջողություններ արձանագրել: Այլ հարց է, թե Ադրբեջանը որքանով է անկեղծ, և որքանով ու ինչպես այդ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն:
Առնվազն երեք հարցում հանդիպման արդյունում կա նախնական պայմանավորվածություն՝ ձերբակալվածների բարեկամների այցելությունների, ԶԼՄ-երի ներկայացուցիչների փոխայցելությունների և գյուղատնտեսական աշխատանքների չխոչընդոտման հարցերում:
Այս պայմանավորվածությունների համատեքստում տրամաբանական է ակնկալել, որ Արցախը նույնպես պետք է լիարժեք ներգրավվածություն ունենա այս գործընթացներին, այսինքն Արցախում բանտարկված ադրբեջանցի դիվերսանտների բարեկամները կայցելեն Արցախ՝ նրանց տեսակցության, իսկ ադրբեջանական ԶԼՄ-երի ներկայացուցիչները կայցելեն Արցախ և Հայաստան, Արցախի և Հայաստանի լրագրողներն էլ՝ Ադրբեջան: Հակառակ դեպքում, այս պայմանավորվածությունները ոչ մի արժեք և արդյունավետություն չեն ունենա: