Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (ՀԻԵԿ) տնօրենների խորհրդի նախագահ Սպիրիդոն Ֆլոգաիտիսը ԵԱՏՀ-ում կայացած հանդիպմանը քննարկել են համագործակցության հեռանկարները տնտեսական ինտեգրացման միջազգային իրավական հիմքերի կատարելագործման ոլորտի լավագույն համաշխարհային պրակտիկայի ուսումնասիրման ուղղութամբ, հայտնում է «Արմենպրես»-ը:
Տիգրան Սարգսյանը պատմել է հանձնաժողովի, ինստիտուտների աշխատանքի և եվրասիական ինտեգրման նպատակների, ձեռք բերված արդյունքների մասին, որոնք հաստատում են միության՝ որպես միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտի կայացած լինելը: Նա ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միությունը երիտասարդ և, ի տարբերություն ԵՄ-ի, բացառապես տնտեսական միավորում է:
«Մեր միության կայացման փուլը ենթադրում է, որ մենք պետք է շահագրգռված լինենք եվրոպական կազմակերպության հետ համագործակցությամբ: ԵԱՏՄ-ի ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդումը մեր գերակայությունն է»,-հայտարարել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը: Սպիրիդոն Ֆլոգաիտիսը նշել է ԵԱՏՄ-ի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կարևորությունը միջազգային հարաբերությունների գլոբալ համակարգում և, մասնավորապես, եվրասիական տարածաշրջանում: «Անտարակույս, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կարևոր ու ակտիվ դեր է խաղում միջազգային կապերի զարգացման գործում: Իմ այցը հաստատում է վերազգային մարմնի հետ խորը և համակողմանի համագործակցություն զարգացնելու մեր մեծ ցանկությունն ու մտադրությունը»,- նշել է ՀԻԵԿ-ի տնօրենների խորհրդի նախագահը: Հանդիպման ընթացքում Տիգրան Սարգսյանը նշել է, որ իրավական որոշումները, որոնք Եվրամիությունում ընդունվել են վերազգային ինստիտուտները կազմավորելիս, հետաքրքրական են ԵԱՏՀ-ի համար: Հիմնական ուշադրությունը դարձվել է վերազգային ընկերությունների իրավական կարգավիճակի կիրառման, ինչպես նաև ինտեգրացիոն շինարարության յուրաքանչյուր փուլում վերազգային մարմնին ազգային լիազորությունների փոխանցման ոլորտում եվրոպական միության պրակտիկային:
«Այժմ հանձնաժողովն ուսումնասիրում է վերազգային եվրոպական ընկերությունների իրավական կարգավիճակը, Եվրոպական միության փորձը իրավական դաշտի ձևավորման և ոչ միայն ապրանքների, այլև ընկերությունների ազատ տեղաշարժման համար գործիքների կիրարկման ոլորտում՝ մեր միութենական իրավունքում դրա իրագործման տեսանկյունից: Ինչ իրավունքներ ու պարտականություններ է ձեռնարկությունների վրա դնում այդ օրենսդրությունը, որքանով է դա խթանում ինտեգրացումը. ահա թե ինչն է մեզ նախևառաջ հետաքրքրում»,-ընդգծել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը: Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են ինստիտուցիոնալիզացիայի և համագործակցության հեռանկարները: Դրա համար, մասնավորապես, նախատեսվել է փաստաթուղթ մշակել փոխըմբռնման մասին, որում կշարադրվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները: