Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանը ՀՀ ոստիկանության օրվա 101-ամյակի կապակցությամբ «Տաբար» մոդելի որսորդական ողորկափող հրազենով պարգևատրեց ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանին:
Գրիգորյանն Օսիպյանի պարգևը հանձնեց ապրիլի 16-ին, ՀՀ ոստիկանության 101-ամյակի կապակցությամբ հրավիրված հանդիսավոր նիստի ընթացքում:
«Արցախի Հանրապետության ոստիկանության հետ սերտորեն համագործակցելու, ոստիկանության առջև դրված խնդիրների իրականացման, ոստիկանության կայացման, զարգացման, օրինականության ամրապնդման գործում զգալի ավանդ ներդնելու, ինչպես նաև ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա 101-րդ տարեդարձի, հրամայում եմ` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Ռազմիկի Օսիպյանին պարգևատրել «Տաբար» մոդելի որսորդական ողորկափող հրազենով»,- նշված է հրամանի տեքստում:
Արցախի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով պարգևատրվեցին նաև ՀՀ ոստիկանության համակարգի մի շարք աշխատակիցներ: