Թուրքիան պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի ԱՄՆ-ի Կոնգրեսում ու Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի քննարկումն արգելափակելու ուղղությամբ:
Այս մասին ասել է Արդահանի շրջանից ընտրված անկախ պատգամավոր Օզթուրք Յըլմազն ԱՄՆ-ի Կոնգրեսում ու Սենատում ներկայացվելիք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերի թեմայով տված ասուլիսի ժամանակ, հաղորդում է Ermenihaber-ը:
Ըստ Յըլմազի՝ «բանաձևերի ընդունման դեպքում ԱՄՆ-ը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես կճանաչի որպես ցեղասպանություն, որից հետո կդադարեցնի համագործակցությունը դա ժխտողների հետ ու այդ թեմայով դասեր կավելացնի երկրի ուսումնական հաստատություններում»:
«Այս տարի իրավիճակը լուրջ է և տարբեր նախորդ տարիներից: Քանի որ S-400-ների, Սիրիայի ու ՖԵԹՈ-ի (FETÖ-ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյույենի ղեկավարած կազմակերպություն, որը Թուրքիայում ահաբեկչական է համարվում) հարցում ԱՄՆ-ի հետ տարբեր ուղղություններով ենք շարժվում:
Կոնգրեսում Թուրքիայի վերաբերյալ բացասական մթնոլորտ է տիրում: S-400-ների թեման ճգնաժամի վերածած ԱՄՆ-ի որոշ ղեկավար շրջանակներ ապրիլի 24-ին այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը ցանկանում են բերել Թուրքիայի օրակարգ ու այդ թեմայի միջոցով գոլ խփել Թուրքիայի դարպասին»,- ասել է թուրք պատգամավորը՝ կառավարությանը կոչ անելով ամեն գնով խոչընդոտել այդ գործընթացը: