Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արցախի թեմի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ «Արմեդիա ՏՎԳ»-ն զրուցել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:
- 30 տարի առաջ կազմավորվեց Հայաստանյաց առաքելական եկեղեցու Արցախի թեմը: 70 տարի անց, վերադառնալով Արցախ, Հայ Առաքելական Եկեղեցին ի՞նչ դժվարությունների բախվեց, և կարելի՞ է ասել, որ դրանք այսօր հաղթահարված են:
- Անդունդը շատ մեծ էր, 60 տարի ոչ մի եկեղեցի չէր գործում Արցախում: Հիմա մեզ համար կարծես թե երկրորդ մկրտության փուլ է սկսվում Արցախում: Իհարկե, շատ դժվարություններ հաղթահարեցինք, փա´ռք Աստծո, բայց մենք դեռ շատ անելիքներ էլ ունենք:
- Թեմի գործունեության առաջին տարիներին Արցախում պատերազմ էր, իսկ հաջորդած ողջ ժամանակահատվածում Արցախը գտնվում էր ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն վիճակում: Ո՞րն է եկեղեցու առաքելությունը նման պայմաններում:
- Եկեղեցին միշտ էլ նույն առաքելությունն ունի` բոլոր պայմաններում. քարոզել Աստծո Ավետարանը: Այդ առաքելությունը միշտ էլ նույնն է մնում, երբեմն պայմաններն են փոփոխվում` խաղաղ, պատերազմական, սակայն եկեղեցու առաքելությունը միշտ էլ մնացել է նույնը` հավատ քարոզել:
- Այսօր որո՞նք են Արցախի թեմի առաջնային խնդիրները:
- Ծավալել ակտիվ քարոզչություն, հրատարակել գրքեր և նորոգել, կառուցել եկեղեցիներ:
- Ապրիլի 7-ին Ստեփանակերտում կայացավ Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման և բացման պաշտոնական արարողությունը: Ինչպե՞ս առաջացավ Ստեփանակերտում Մայր տաճար ունենալու գաղափարը:
- Արցախի 30 տոկոսը բնակվում է Ստեփանակերտում: Քաղաքը մի քանի եկեղեցիների կարիք ուներ, մեր փոքր եկեղեցին չէր բավարարում հավատացյալների հոգևոր կարիքներին: Մտածեցինք մի քիչ ավելի խոշոր եկեղեցի կառուցել, որ մասամբ մեր հոգևոր կարիքները հոգանք: եվ ապրիլի 7-ին ի ձեռամբ Վեհափառ Հայրապետի օծեցինք Սուրբ Աստվածածին եկեղեցին: