Ապրիլի 16-ին Նյու Դելիի Հայկական մշակութային կենտրոնի (ՀՄԿ) նախաձեռնությամբ կազմակերպվեց հայկական տիկնիկների հանձնման արարողությունը Դելիի Տիկնիկների միջազգային թանգարանի ղեկավարությանը: Ներկա էր նաև Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը:
Դելիի հայկական համայնքի ներկայացուցիչներ բժիշկ-սրտաբան Գայանե Մովսիսյանը, վաստակավոր ուսուցչուհի Սուսաննա Գրիգորյանը, արևելագետ Նաիրա Մկրտչյանը և հնդկերենի մասնագետ Մանե Մկրտչյանը պատմեցին, որ հայկական տիկնիկ նվիրելու գաղափարն առաջացել է մի քանի ամիս առաջ, երբ երեխաներին բերել էին այս թանգարանը և ցուցադրված հազարավոր տիկնիկների մեջ հայկական տիկնիկ չէին գտել:
Ն.Մկրտչյանը և Ս.Գրիգորյանը ներկաներին պատմեցին հայկական տարազի, տիկնիկների, հայկական խորհրդանշանների, ինչպես նաև Երևանի տիկնիկների պատկերասրահի մասին:
Դելիի Տիկնիկների միջազգային թանգարանը տիկնիկների մի հսկայական հավաքածու է աշխարհի տարբեր ծայրերից, որը հիմնադրել է 1965թ.-ին Կ.Շանկար Պիլլայը (1902–1989): Նա եղել է քաղաքական ծաղրանկարիչ, Պադմա Վիբհուշան պարգևի ասպետ, որը Հնդկաստանի կառավարության երկրորդ բարձրագույն քաղաքացիական պարգևն է: Շանկարը հիմնադրել է նաև առաջին Մանկական գրքերի հրատարակչությունը 1957թ.:
Հունգարացի դիվանագետից նվեր ստացած տիկնիկը Շանկարին գաղափար է տալիս իր այցելած երկրներից տիկնիկներ բերել: Թանգարանին տիկնիկներ են նվիրել տարբեր դեսպանատներ, բարձրաստիճան այցելուներ, այդ թվում՝ տիկին Տիտոն, Հունաստանի թագուհի Ֆրեդերիկան, Թայլանդի թագուհին, Իրանի Շահի քույրը, Մեքսիկայի և Ինդոնեզիայի նախագահների կանայք և այլն՝ ներկայացնելով իրենց համապատասխան երկրները:
Թանգարանի բացման ժամանակ տիկնիկների թիվը եղել է ընդամենը 500, 1987թ.-ին հասել է 5000-ի: Այժմ ցուցադրվում է ավելի քան 7000 տիկնիկ շուրջ 85 երկրներից:
Թանգարանն ունի տարեկան 1մլն 600 հազար այցելու:
1980թ. Թանգարանի տիկնիկներն արժանացել են Լեհաստանի Կրակով քաղաքում կայացած «Ոսկե սիրամարգի փետուր» տիկնիկների բիենալեի առաջին մրցանակին:
Թանգարանի շքեղ հավաքածուներից են՝ Կաբուկի և սամուրայ տիկնիկները Ճապոնիայից, հունգարական մայիսյան պարը ներկայացնող տիկնիկները, Բրիտանիայի թագուհու հավաքածուն, կանանց նվագախումբը Թայլանդից և այլն:
Թանգարանի տնօրեն Յամունա Շանկարը՝ Պիլլայ Շանկարի դուստրը, պատմեց, որ իր հայրը իր ու քրոջ տիկնիկներն էլ է տարել թանգարան՝ ասելով, որ «դուք արդեն սրանցով խաղացել եք, հիմա թող ուրիշներն էլ տեսնեն»: Նա մեծ սիրով և երախտագիտությամբ ընդունեց մեր հայկական տիկնիկները՝ ասելով, որ նրանք իրենց պատվավոր տեղը կգրավեն ցուցադրության մեջ. «Մենք հազարավոր տիկնիկներ ունենք, բայց միևնույնն է, ուզում ենք ավելին: Միշտ էլ տեղ կգտնվի նոր տիկնիկների համար»:
Նշենք, որ այս կազմակերպությունն ամեն տարի կազմակերպում է նաև 5-16 տարեկան երեխաների նկարների և շարադրությունների (անգլերեն լեզվով) միջազգային մրցույթ: Հաղթողների պարգևներն են՝ Հնդկաստանի նախագահի ոսկե մեդալ լավագույն նկարի համար, Շանկարի պարգև լավագույն շարադրության համար, Ջավահարլալ Ներուի 15 ոսկե մեդալ, 300 արծաթե մեդալ և 300 մրցանակ:
Հայաստանից մասնակցել ցանկացողներն իրենց գործերը կարող են ուղարկել հետևյալ հասցեով.
Shankar’s International Children’s Competition
Nehru House, 4 Bahadur Shah Zafar Marg, New Delhi-110002, India
Աշխատանքները պետք է հասնեն Դելի մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը:
Նաիրա Ս. Մկրտչյան