Ստամբուլի Բեյքոզ շրջանում գտնվող Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին շահել է Ստամբուլի քաղաքապետարանի դեմ հարուցված դատական գործը։ Ստամբուլի քաղաքապետարանը հայկական եկեղեցուն պատկանող հողատարածքի մի մասն օգտագործել էր ճանապարհ կառուցելիս։
Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, դատարանի որոշմամբ՝ քաղաքապետարանը 24 մլն 400․000 թուրքական լիրա (շուրջ 4․2 մլն ԱՄՆ դոլար) փոխհատուցում պետք է վճարի հայկական հիմնադրամին։
Գեդիքփաշայի հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ և Բեյքոզի հայկական եկեղեցու հիմնադրամի խորհրդատուների խորհրդի անդամ Հարություն Շանլըի խոսքով՝ իրենք արդեն դատարանի որոշումը հարկադիր կատարելու պահանջ են ներկայացրել։ Շանլըն նշել է, որ փոխհատուցման վճարման գործընթացը երեք – չորս ամիս կտևի։