Կոտայքի մարզի Աղվերան գյուղում ապրիլի 19-ին տեղի է ունեցել Տեղական դեմոկրատիայի դպրոցի բացումը, տեղեկացնում է NEWS.am-ը։
Նախագիծը ֆինանսավորել է USAID-ն (ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցչություն) և իրականացվում է «Համայնքային ֆինանսիստների ասոցիացիա» հասարակական կազմակերպության և հինգ գործընկեր կազմակերպությունների կողմից, «Տեղական ինքնակառավարմանը հանրության մասնակցության» («Համատեղ») ծրագրի շրջանակում։
«Դպրոցը» կդառնա տեղական ինքնակառավարման, հանրային վերահսկողության, շահերի պաշտպանության ուսումնական հարթակ։ Ծրագրի նպատակն է օգնել երիտասարդներին ակտիվորեն մասնակցել տեղական ինքնակառավարմանը։ Ծրագրում ներգրավված է 75 ուսանող Հայաստանի տարբեր մարզերից։ Ուսուցման առաջին փուլից հետո նրանք կգործուղվեն նախարարություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, ինչպես նաև հասարակական կազմակերպություններ՝ պրակտիկայի։
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը և Հայաստանում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։