Ապրիլի 15-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով զգալի ավերածությունների ենթարկվեց 850 տարվա պատմություն ունեցող պատմամշակութային և հոգևոր կենտրոն հանդիսացող Փարիզի Աստվածամոր տաճարը:
Թեմայի շուրջ «Արմեդիա ՏՎԳ»-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի հայազգի պատգամավոր Դանիել Կազարյանի (Danièle Cazarian) հետ:
- Տիկին Կազարյան, ի՞նչ նշանակություն ունի Փարիզի Աստվածամոր տաճարը Ձեր և առհասարակ ֆրանսիացիների համար. այն ավելի շատ հոգևո՞ր, թե՞ պատմամշակութային նշանակություն ունի:
- Աստվածամոր տաճարը Ֆրանսիայում ապրող մարդկանց համար երկու տարբեր նշանակություն ունի. դա է պատճառը, որ մենք շատ ենք վշտացած: Նախևառաջ այն Ֆրանսիայում և առհասարակ Եվրոպայում համարվում է քրիստոնեության էպիկենտրոն` և´ իր հոգևոր, և´ գեղարվեստական տեսանկյունից: Եկեղեցին նաև մեր ազգային մշակութային ժառանգության մասնիկն է համարվում: Ավելի քան 800 տարի առաջ կառուցված տաճարն այնքան հին է, որքան մեր ազգը: Այս կառույցն ազգային հպարտություն է և հիշեցնում է Ֆրանսիայի հզորությունը: Սա է պատճառը, որ մենք երկրի ցանկացած կարևոր իրադարձություն` լինի ուրախության կամ սգո առիթ, նշում ենք այնտեղ: Օրինակ, 1996 թվականին, երբ մահացավ նախկին նախագահ Ֆրանսուա Միտերանը, ով համարվում էր աշխարհիկ պետության սոցիալիստական և աշխարհիկ նախագահ, նրա հոգեհանգստի արարողությունը նույնպես Աստվածամոր տաճարում տեղի ունեցավ:
Տաճարի ընդհանուր պատկերը լիարժեք չի լինի առանց Վիկտոր Հյուգոյի, որի «Փարիզի Աստվածամոր տաճարը» գրքի շնորհիվ էլ այն դարձավ ռոմանտիկ և սիրված վայր:
- Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ուղերձում նշեց, որ մտադիր են հինգ տարվա ընթացքում վերակառուցել Փարիզի Աստվածամոր տաճարը: Որքանո՞վ է իրատեսական տաճարի վերականգնումն այդքան սեղմ ժամկետներում:
- Չեմ կարող ասել արդյոք դա իրատեսական է, թե ոչ. ես մասնագետ չեմ: Նախագահն այդ ժամկետը սահմանել է, որպեսզի մոբիլիզացնի վարչակազմը, ճարտարապետներին և արվեստագետներին: Սա վերանորոգման աշխատանքները սկսելու ձգտման կոչ է:
- Նախատեսո՞ւմ է արդյոք հայ համայնքն իր ներդրումն ունենալ տաճարի վերակառուցման գործում:
- Ես հավատում եմ, որ Ֆրանսիայի հայ համայնքը մոբիլիզացվելու է և իր ներդրումն է ունենալու տաճարի վերակառուցմանն օժանդակելու հարցում: Նրանք, ինչպես իրենց բոլոր հայրենակիցները, խորապես վշտացած են տեղի ունեցածի պատճառով:
- Փարիզի Աստվածամոր տաճարում ապրիլի 22-ին նախատեսվում էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ մատուցել: Այս դեպքից հետո պատարագը տեղի կունենա՞:
- Ներկա պահի դրությամբ չեմ կարող ասել` արքեպիսկոպոսը նախատեսում է արդյոք մայրաքաղաքի որևէ այլ վայրում պատարագ մատուցել, թե ոչ: Այս տարի նախատեսվում է բազմաթիվ կրոնական և պետական միջոցառումներ` նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին, որը ինքնին գոհացուցիչ է: Հայ համայնքը և այն բոլոր մարդիկ, ովքեր կցանականան հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին, կարող են դա անելու համար բազմաթիվ վայրեր այցելել:
Զրուցեց Արփինե Մելիքյանը