Ապրիլի 20-ին ժամը 20.00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթը, որը նախաձեռնել են Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունները՝ թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, հայտնում է panorama.am-ը։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից հայտնում են, որ երթի մասնակիցները Ճրագալույցի Ս. Պատարագից հետո կստանան Նավասարդ Սրբազանի օրհնությունն ու Ս. Հարության Ավետիսը մարդկանց փոխանցելով՝ Մ. Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ: Թեմի երիտասարդական միությունների հոգևոր համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ մասնակիցները քարե գորգի վրա խաչ կկազմեն՝ ի նշան Քրիստոսի Հրաշափառ Հարության:
«Հարության Ավետիս» քայլերթին կմիանան ՀՄԸՄ ՀԱՍԿ սկաուտական և տարբեր հասարակական կազմակերպությունների անդամներ, հայաստանյան բուհերի ուսանողներ և ուսանողական միությունների անդամներ, զինվորներ, ԱԻՆ աշխատակիցներ:
Երթին կարող են միանալ բոլոր ցանկացողները: