Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, որն Անկարայի արվարձաններից մեկում հարձակման է ենթարկվել ագրեսիվ խմբի կողմից, դեպքի վայրից հեռացել է զրահապատ մեքենայով:
Ինչպես հաղորդում է Tert.am-ը՝ հղում կատարելով РИА Новости-ն, միջադեպը տեղի է ունեցել Անկարայի Չուբուք շրջանում, ուր ժամանել էր մանսակցելու զոհված զինծառայողի հուղարկավորությանը: Բազմամարդ արարողության ժամանակ մասնակիցների մի մասը սկսել է իրենց ագրեսիվ դրսևորել ընդդիմադիր առաջնորդի նկատմամբ:
Մի խումբ տղամարդիկ շրջապատել են գործչին, ոմանք փորձել են մոտենալ նրան՝ մեղադրանքներ հնչեցնելով նրա հասցեին: Կատարվածի հետևանքով ընդդիմադիր առաջնորդը չի տուժել, նրան տեղափոխել են մոտակա տներից մեկը, որը գտնվում էր ոստիկանության վերահսկողության տակ:
Նշվում է, որ դեպքի վայր է ժամանել երկրի պաշտպանության նախարարը: Կատարվածի առնչությամբ հետաքննություն է սկսվել: