ԱՄՆ-ը կարող Է Հունաստան տեղափոխել Թուրքիայի զենքը. ամերիկացի սենատոր
Ամերիկացի դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը չի բացառել, որ ԱՄՆ-ը Անկարայի հետ հարաբերությունների վատացման դեպքում կարող է Հունաստան տեղափոխել սպառազինությունները Թուրքիայի Ինջիռլիք ռազմակայանից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մենք չենք սպասում, որ Թուրքիան սխալ ճանապարհով կգնա: Բայց եթե դա տեղի ունենա, մենք մեզնից կախված ամեն ինչ կանենք՝ մեր ազգային անվտանգությունը եւ մեր դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է սենատորը հունական «Կատիմերինի» թերթում հրապարակված հարցազրույցում: «Մենք հետեւում ենք դրան ՆԱՏՕ-ի հոդված 5-ին համապատասխան, եւ մենք կկատարենք մեր պարտավորությունները: Մենք ամեն ինչ կանենք, ինչ մեզ անհրաժեշտ է, այդ թվում՝ ռազմակայանների եւ ուժերի տեղափոխումն այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է եւ որտեղ մեզ հնարավորություն են առաջարկում բարեկամ երկրներից: Մենք հուսով ենք, որ չենք հասնի դրան: Թուրքիան պետք է որոշի իր ուղեգիծը, եւ որ դա վերջին հաշվով իր օգտին է»,- ասել է Մենենդեսը: Մենենդեսը գտնվում է Աթենքում, որտեղ ապրիլի 22-ին նրան կընդունի Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը: Ավելի վաղ ամերիկացի սենատորն այցելել է Կիպրոս, որտեղ նրա հետ հանդիպում է ունեցել նախագահ Նիկոս Անաստասիադիսը