Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից 104 տարի անց այս ոճրագործությունը դեռևս միջազգային հանրության կողմից լիակատար ճանաչման և դատապարտման չի արժանացել:
2018-2019 թվականներին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը համեմատաբար պասիվ եղել` հիմնականում տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով:
Այսպես, 2018 թվականի փետրվարի 16-ին Նիդերլանդների Խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունն ու ընդունել որոշում, ըստ որի՝ երկրի պետքարտուղարը պարտադիր պետք է այցելի Ծիծեռնակաբերդ: Ստորին պալատի պատգամավորների մեծ մասը քվեարկել է 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին:
Նույն թվականի ապրիլի 25-ին Իսպանիայի Ալկորկոն քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։ Ընդունված որոշման մեջ, մասնավորապես ասվում է. «Հայոց ցեղասպանությունը XX-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Այս ինստիտուցիոնալ հայտարարությամբ Ալկորկոնի քաղաքապետարանը ճանաչում է մարդկության դեմ գործված այս հանցագործությունը, որն արժեցավ մեկ ու կես միլիոն հայի կյանք և որի արդյունքում երկու միլիոն մարդ լքեց իր բնօրրանը»: Քաղաքային խորհուրդը նաև իր աջակցությունն է հայտնում ողջ հայ ժողովրդին և կոչ անում Իսպանիայի կենտրոնական իշխանություններին օր առաջ ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը»:
2018-ի նոյեմբերի 23-ին Անգլիայի Դերբի քաղաքի խորհուրդը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որում նշվում է, որ Խորհուրդը 1915-1918 թվականներին Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի սպանությունը ճանաչում է որպես հայ ժողովրդի դեմ ցեղասպանություն: Խորհուրդը նաև կոչ է անում կառավարությանը քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին, որը կայացել է 2019 թվականի փետրվարի 5-ին, ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Մակրոնը նաև նշել էր, որ անձամբ է տեղյակ պահել Էրդողանին իր որոշման մասին: Ի դեպ, Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001թ. օրենքի ուժով, իսկ 2016թ. քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը:
Իտալիայի Լացիո մարզի մարզային խորհուրդը մարտի 18-ի նիստում Մեծ Եղեռնի 104-րդ տարելիցին ընդառաջ միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը որպես պատմական իրողություն ընդունելու մասին բանաձևը։ Փաստաթղթում խորհրդի անդամներն իրենց զորակցությունն են հայտնում հայ ազգին՝ պատմական ճշմարտության և մարդու իրավունքների պաշտպանության համար մղած պայքարում։ Լացիոն դառնում է Իտալիայի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 136-րդ տարածքային ինքնակառավարման խորհուրդը։
Սույն թվականի մարտի 20-ին ԱՄՆ Ալաբամա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ դառնալով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 49-րդ նահանգը: Ներկայում միայն Միսիսիպին է, որ դեռևս չի ճանաչել հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը:
2019 թվականի ապրիլի 11-ին Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը բանաձև է ընդունել, որը կոչ է անում երկրի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և միջազգային մակարդակում բարձրացնել այդ հարցը:
Ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Իսպանիայի Բուրգոս քաղաքի քաղաքային խորհուրդը: Խորհրդի քաղաքական բոլոր խմբերը միաձայն հավանություն են տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքին:
Մոնրեալի քաղաքապետարանը ապրիլի 15–ին հատուկ նիստի ժամանակ ընդունել է բանաձև (հայտարարություն)՝ Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ։ Բանաձևի տեքստում մասնավորապես նշվում է, որ 1915թ․ Հայոց Ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որի ընթացքում նահատակ դարձավ հայ ազգի երկու երրորդը։ 2019թ․ ապրիլի 24-ը Մոնրեալում կհայտարարվի Հայոց Ցեղասպանության հիշատակման օր. այդ օրը քաղաքապետարանը հանդես կգա հատուկ ուղերձով՝ հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերին և իր զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին։
Աշխարհի մոտ երեք տասնյակ երկրներ, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանը, ամերիկյան 50 նահանգներից 49-ը, տարբեր երկրների տարածաշրջանային, քաղաքային իշխանություններ, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ ու կառույցներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: