ՀՀԿ գրասենյակում ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է կուսակցության երիտասարդական թևը համալրելու համար դիմած երիտասարդներին, հայտնում է Panorama.am-ը:
Սերժ Սարգսյանը երիտասարդներին ասել է, որ նրանց շատ ասելիքներ ունի, բայց այժմ նրանց միայն շնորհավորելու է իրենց ցանկության համար՝ քաղաքական գործընթացներին մասնակցելու առումով:
«Յուրաքանչյուր ոք, ով անդամագրվում է որևէ կուսակցության, նշանակում է պատրաստ է նա ակտիվ մասնակցելու քաղաքական գործընթացներին։ Ձեզ բոլորին հաջողություն եմ մաղթում, ցանկանում եմ, որ այս շենքը, որտեղ տեղակայված է ՀՀԿ-ի ղեկավար մարմինները, ձեզ համար մշտապես լինի ցանկալի վայր»,- ասել է Սերժ Սարգսյանը։
ՀՀԿ նախագահը դիմել է ներկաներին՝ հարցնելով, թե իրեն որևէ բան ունե՞ն ասելու, ներկա աղջիկներից մեկն ասել է. «Վերադարձեք»:
ՀՀ երրորդ նախագահը նաև ասել է, որ երբ ժամանակը գա, բազում հարցերի կպատասխանի. «Կարող է հարցերի քչություն լինի, պատասխանների քչություն չի լինի»։
Հանդիպման ավարտին երիտասարդներից մեկը խնդրեց սելֆի անել Սերժ Սարգսյանի հետ։ Նա ասաց, թե «վերջերս մոդա է դարձել», Սերժ Սարգսյանն էլ արձագանքեց. «Մի քիչ այդ մոդայից հետ եմ ընկել»։