Առաջին բազմաֆունկցիոնալ Սու-30ՍՄ կործանիչները Հայաստան կմատակարարվեն հաջորդ տարվա սկզբին: Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունն, այս մասին Միջազգային անվտանգության հարցերով VIII մոսկովյան համաժողովի շրջանակում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ տվյալ օդանավերի գնման հետագա ծրագրեր ևս կան:
«Առաջին փուլում կլինի 4 օդանավ: Մատակարարումները նախատեսվում է սկսել տարեվերջին և 2020-ի սկզբին: Հետագայում կաշխատենք այդ ուղղությամբ»,- ասել է նա՝ հավելելով, որ ռուսական կործանիչների համար արդեն կատարվել են առաջին գումարային փոխանցումները:
Տոնոյանն ընդգծել է, որ Հայաստանը հետագայում ևս ռուսական սպառազինություն ձեռք բերելու ծրագրեր ունի: «Զինվելու և վերազինվելու ենք հետևողականորեն: Ռուսական սպառազինման ձեռք բերում կլինի», - նշել է նախարարը: