ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը (ANCA) անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձին: ԱՄՆ նախագահն այս տարի ևս խուսափել է «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից՝ փոխարենն օգտագործելով «Մեծ Եղեռն» արտահայտությունը:
«Արդեն երրորդ տարին անընդմեջ Թրամփը պատշաճ ձևով չի դատապարտում Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի, հույների, ասորիների ցեղասպանությունը:
Այս քաղաքականությունը սկզբնավորվել է Անկարայում՝ թուրք բռնապետերի կողմից, իսկ հետո ամերիկյան նախագահներն այն կիրառել են Վաշինգտոնում»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
«Սկզբում Ամերիկան» խոստումը տված Թրամփը Հայոց ցեղասպանության հարցում առաջնորդվում է «սկզբում Թուրքիան» սկզբունքով: Նա խոստացել էր վերականգնել Միացյալ Նահանգների՝ առաջնորդի դերը, սակայն փոխարենն օտարերկրյա բռնապետությանը զիջեց ամերիկյան բարոյական արժեքները: Այժմ մենք մեր հայացքն ուղղում ենք Կոնգրեսին՝ հույս ունենալով, որ այն կցուցաբերի այն առաջնորդությունը, ինչը չկարողացավ անել Սպիտակ տունը»,-ասվում է հայտարարությունում: