Ուկրաինայի գերագույն ռադան օրենք է ընդունել, որի համաձայն ուկրաիներենը երկրի միակ պետական լեզու է հռչակվում:
Օրենքին կողմ է քվեարկել 278 պատգամավոր, այժմ փաստաթուղթը պետք է ներկայացվի երկրի նախագահի ստորագրմանը: Այս մասին փոխանցում է РИА Новости-ն:
Օրենքը պահանջում է, որ Ուկրաինայի քաղաքացիները կյանքի բոլոր՝ պետական, կրթական, առողջապահական, ծառայությունների և այլ ոլորտներում օգտագործեն բացառապես ազգային լեզուն: Բացառությունները կվերաբերեն միայն անձնական շփմանը և կրոնական ծեսերին:
Օրենքի հեղինակներն իրենց գլխավոր խնդիրն են համարում ուկրաիներենի՝ որպես ազգային լեզվի զարգացումը և պահպանումը: Ակնկալվում է պաշտոնյաների համար լեզվի հստակ մակարդակի գիտելիքների թեստ անցկացնել, որի արդյունքների անբավարար լինելու դեպքում նրանց 128-459 դոլարի տուգանք կսպառնա: