«Մենք, որպես ազգ, ժողովուրդ, պետություն, հստակ պետք է ձևակերպենք, թե ինչպես ենք պատկերացնում Ղարաբաղի հարցի լուծումը: Ամենատարօրինակն այն է, որ այս թեմայի շուրջ մինչև հիմա մեր մոտ հանրային դիսկուրս չի եղել»,- ապրիլի 22-ին, Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան:
Միանշանակ է, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորողը որևէ կողմի իշխանությունները չեն։ Սա Արցախի ժողովրդի կյանքին, ճակատագրին առնչող հարց է, և, բնական է, որ հարցի լուծողը լինելու է Արցախի ժողովուրդը։ Իր համար ընդունելի լուծումն այդ ժողովուրդն արդեն ի կատար է ածել՝ ինքնորոշվելով և ձևավորելով անկախ պետություն։ Այժմ հայկական կողմերի բանակցողների նպատակը պետք է լինի այդ լուծմանը դե-յուրե ձևակերպում տալն ու Արցախի անկախության միջազգային ճանաչմանը հասնելը։
Սա է հայ ժողովրդի կողմից առաջարկվող լուծումը։ Եվ դրանից ավելի մանրամասն «ուղեցույց» ժողովրդից ակնկալել պետք չէ։ Ուստի, պետք է չէ նաև կրկին ընդլայնել հարցի քննարկման շրջանակներն ու հայ ժողովրդից լուծումներ կամ պատասխաններ ակնկալել: Գործող իշխանությունների կողմից արդեն իսկ սահմանվել է Արցախը բանակցային գործընթաց լիարժեք վերադարձնելու նպատակը, որի կյանքի կոչումն էլ թույլ կտա պաշտոնական Ստեփանակերտին ներկայացնել իր կամքն ու մոտեցումները:
Քաղաքական ձևակերպումներ ու սահմանումներ գտնելն արդեն լինելու են Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը ներկայացնող քաղաքական գործիչների գործը։ Իսկ ժողովուրդը դրա մանդատը տվել է ընտրությունների ժամանակ՝ ձայն տալով հաղթած թեկնածուների քաղաքական ծրագրերին։