Արմեն Սարգսյանն ընդունել է Կատարի նոր դեսպանին

16:44     26 ապրիլի, 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր՝ ապրիլի 26–ին, հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ բին Համադ Սաադ Ալ Հաջրին (նստավայրը՝ ք․ Թեհրան), հաղորդում են նախագահի աշխատակազմից։

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ: Նախագահն իր խորը երախտագիտությունն է հայտնել Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հիմնմանը կատարական կողմի ցուցաբերած մեծ աջակցության համար և ընդունել հրավերը՝ ներկա գտնվելու մեր երկրի դիվանագիտական ներկայացուցչության բացման արարողությանը:

Նախագահը վերահաստատել է Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին և հայր էմիր Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին ուղղված՝ Հայաստան պաշտոնական այց կատարելու իր հրավերը:

Կատարի դեսպանը նախագահ Սարգսյանին է փոխանցել Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի ջերմ ողջույնները: Նորանշանակ դեսպանն ասել է, որ կներդնի իր ողջ փորձառությունը՝ նպաստելու հայ-կատարական հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը:

Զրուցակիցներն արձանագրել են, որ Հայաստանն ու Կատարն ունեն համագործակցության մեծ դաշտ են և հաջողությամբ կարող են փոխգործակցել մասնավորապես բնապահպանության, կրթության, գիտության, զբոսաշրջության, նոր տեխնոլոգիաների ոլորտներում:


© armedia.am