Ռուսաստանը հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միության շրջանակում բոլոր գործընկերների հետ ինքնիշխանությունը, երկրներից յուրաքանչյուրի օրինական իրավունքները և շահերը հարգելու սկզբունքների հիման վրա սերտ համագործակցությամբ: Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» միջազգային համաժողովի բացման արարողության ժամանակ ելույթի ժամանակ:
Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ը` Պուտինն ընդգծել է, որ հենց այդ սկզբունքների հիման վրա է Ռուսաստանը Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի հետ կառուցում ԵԱՏՄ-ն:
Պուտինի խոսքով՝ Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի՝ չինական «Մեկ գոտու և ճանապարհի նախաձեռնություն»-ն այլ ինտեգրացիոն միությունների հետ միավորելու հետ գաղափարը միանգամայն համապատասխանում է ԵԱՏՄ ծրագրերին:
Պուտինը նաև ասել է, որ ԵԱՏՄ-ն առաջին հերթին ձգտում է Չինաստանի հետ առավելագույնս ընդլայնված փոխգործակցության՝ չնայած նրան, որ նույն պատրաստակամությունն ունի մյուս գործընկերների հետ համագործակցության հարցում: Նա նկատել է, որ ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը կսկսի գործել առաջիկա ամիսներին:
ՌԴ նախագահը նաև ասել է, որ ԵԱՏՄ-ն ձգտում է ազատականացնել այլ գործընկերների հետ տնտեսական կապերը: Նա պատմել է Վիետնամի հետ ազատ առևտրի համաձայնագրի, Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ ժամանակավոր համաձայնագրի, Սինգապուրի և Սերբիայի հետ նմանատիպ փաստաթղթերի գրեթե պատրաստ լինելու, ինչպես նաև Իսրայելի, Եգիպտոսի, Հնդկաստանի հետ բանակցությունների մասին:
Պուտինը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը կողմ է Մոսկվայի վաղեմի և ավանդական գործընկերոջ՝ Եվրոպական միության հետ գործնական կապերի կառուցողական և իրավահավասար զարգացմանը: ՌԴ նախագահի կարծիքով՝ ներկայում առկա տարաձայնությունները չեն կարող գիծ քաշել Եվրոպայի և ամբողջ Եվրասիայի ապագայի համար կողմերի կրած ընդհանուր պատասխանատվության վրա: