Հայոց ցեղասպանության հիշատակի օրը միջադեպ է տեղի ունեցել Ջավախքում: Միջադեպի մանրամասները «Արմեդիա» ՏՎԳ-ին ներկայացրել է
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը:
- Պարոն Այվազյան, վերջին տարիներին ի ՞նչ միջոցառումներ են կազմակերպվել Ջավախքում ապրիլի 24-ին:
- Ջավախքում արդեն մոտ 15 տարի կազմակերպվում է ավանդական դարձած ջահերով երթը։ Չնայած խոչընդոտներին՝ այն անցկացվում է Ախալցիխեի, Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում։ Իրավապահ մարմինները մշտապես գուշացնում են, որ այդ ընթացքում Թուրքիայի դրոշ չայրեն: Ջավախքում, հատկապես գյուղերում, ժողովուրդը մի ավանդույթ ունի, որ երթով բարձրանում է լեռան վրա՝ հնարավորինս մոտ Թուրքիայի սահմանին և մեծ կրակներ վառում, որպեսզի սահմանից այն կողմ տեսնեն, որ հայերը, կրակները վառ, պահանջում են Ցեղասպանության ճանաչումը:
Երթերից առավել մարդաշատը մշտապես եղել է Ախալցիխեում, քանզի քաղաքում հայերից բացի շատ կան նաև այլ ազգերի և կրոնների ներկայացուցիչներ: Բացի այդ, թուրքական շարժը Ախալցիխեում մեծ է։
Նինոծմինդայում և Ախալքալաքում Ցեղասպանության հուշաքարերը քաղաքի կենտրոնում են, իսկ Ախալցիխեում պետք է ամբողջ քաղաքով քայլել և բարձունք բարձրանալ՝ դրանց հասնելու համար: Ժողովուրդը բազմահազարանոց խմբերով ամեն տարի պահանջատիրական պաստառներով և դրոշներով քաղաքից բարձրանում է Մարտա թաղամասում բլրի վրա տեղադրված խաչքար հուշակոթող։ Մեզ մոտ նույնիսկ ավանդույթ է դարձել, որ հուշակոթողի մոտ ժողովրդի հետ մասնակցում և մեր ցավը կիսելու են գալիս քաղաքապետը և խորհրդարանի պատգամավորը։
- Ի ՞նչ խնդիրների եք բախվում:
- Մեծ հաշվով չեմ կարող խոսել լուրջ խոչընդոտների մասին, քանզի դրանք բոլորը հաղթահարելի են։
Այս տարի մի միջադեպ էր գրանցվել: Ախալցիխեում ապրում են թուրք-մեսխեթցիներ, որոնց շրջանում կան նաև փոքրաթիվ ադրբեջանցի ընտանիքներ, ու հենց այդ ադրբեջանցիներից մեկը, որին մեր երիտասարդները ճանաչում են, ապրիլի 23-ին ջահերով երթից մոտ մեկուկես ժամ առաջ մուտք է գործել Ախալցիխեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի և երբ հայ երիտասարդները մոտեցել են նրան՝ իմանալու, թե ինչու է եկեղեցի մտել, և ինչպես երիտասարդներն են ասում, նրան արագ դուրս են հրավիրել։ Սա թերևս առաջին նման միջադեպն էր:
Ընդհանուր առմամբ, հիմնական խոչընդոտն այն է, որ ամեն տարի ռեսուրս կենտրոններից զանգահարում են դպրոցի տնօրեններին և զգուշացնում, որ հանկարծ դասերի հաշվին չգնան մասնակցեն ապրիլի 24-ի միջոցառումներին։ Բայց դա ևս մեծ հաշվով ոչինչ չի փոխում, քանզի մեր հասարակությունը լավ է կազմակերպված և բարձր դասարանների աշակերտները պարզապես այդ օրը չեն գնում դպրոց։
- Այս տարին ինչո ՞վ առանձնացավ:
- Այս տարին առանձնացավ նրանով, որ տեղական վրացական լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերում սկսվեցին հակահայկական մեկնաբանություններ, որոնք սկզբում կազմակերպվում էին ադրբեջանական ֆեյքերի կողմից։ Ի դեպ, այսօր տեղի քաղաքային պատգամավորների և նույնիսկ հայ փոխքաղաքապետի և հասարակական գործիչների, հոգևորականի հետ միասին գնացել ենք տվյալ լրատվամիջոցների գրասենյակներ և պահանջել հեռացնել ու հետևել, որ դա չկրկնվի։
Բացի այդ, այս տարվա ջահերով երթի վրա իրավապահ համակարգի ուշադրությունը չափից մեծ էր, ես կասեի նույնիսկ ցուցադրական, և դա արվում էր հատուկ ընդգծված (մեքենաներով հավաքվել, հետևել և նկարահանել), ինչը դրանով սահմանափակվեց:
Զրուցեց Ռոզի Միքայելյանը: