Գլոբալ տաքացումն ու դրա դեմ պայքարի նկատմամբ հետզհետե աճող հետաքրքրությունը համաշխարհային տնտեսության, մասնավորապես՝ էներգակիրների շուկայի սուբյեկտներին վերահաշվակների անհրաժեշտության առաջ է կանգնեցնում:
Որոշ հաշվարկներով, եթե բոլոր պետությունները հետամուտ լինեն կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի պահանջներին, ապա առաջիկա տասնամյակներում նավթագազային ընկերությունները կկորցնեն իրենց արժեքի զգալի մասը:
Mercer միջազգային խորհրդատվական ընկերության փորձագետների հաշվարկների համաձայն, այդ կորուստը կկազմի մոտ 95%: Ընկերության փորձագետները պնդում են, որ համեմատաբար պակաս անկում կապրի գազային ընկերությունների նկատմամբ պահանջարկը՝ հաշվի առնելով այն, որ բնական գազի արտանետումներն ավելի քիչ են վնասում բնությանը: Այնուամենայնիվ, բնապահպանական խնդիրների դեմ պայքարը, հասկանալի է, որ բացասաբար կազդի նաև գազի շուկայի վրա:
Բանպահպանական խնդիրների լուծմանն ուղղված պետությունների միասնական քաղաքականությունը, հատկապես եթե այն կարգավորվի Փարիզի համաձայնագրի նման միջազգային ստանդարտներով, անշուշտ, հետևանքներ կթողնի վնասակար արտանետումներ ունեցող արդյունաբերությունների վրա: Միևնույն ժամանակ, այդ համատեքստում նախատեսվող պայքարի մեխանիզմները ենթադրում են, մի կողմից՝ նոր ենթակառուցվածքների ստեղծում, մյուս կողմից՝ նոր ոլորտների առաջմղում: Դրանցից ամենահեռանկարայինն այս համատեքստում այլընտրանքային էներգիայի ոլորտն է: Ուստի սպասելի է, որ առաջիկայում կապիտալի համաշխարհային հոսքերը կուղղվեն առավելապես այդ ոլորտներ: