Պորտուգալիայի խորհրդարանն ապրիլի 26-ին ընդունել է բանաձև՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Պետո Դեմիրճյանը։
Բանաձևում նշվում է, որ 1915֊ի ապրիլի 24֊ին երիտթուրքերի կառավարության հրամանով բանտարկվել, ապա սպանվել են շուրջ 250 հայ մտավորականներ և հասարակական առաջնորդներ։ Արձանագրվում է, որ 800 հազարից մինչև 1.5 միլիոն հայեր ցեղասպանության զոհ են դարձել։
Խորհրդարանի ընդունած բանաձևում ասված է՝ «Այս հիշատակի տուրքը դաս է մեր ժամանակների համար, քանզի համաշխարհային մասշտաբի հասնող ազգայնականության, քսենոֆոբիայի և անհանդուրժողականության ներկայիս մակարդակի առկայության պարագայում անհրաժեշտ է հիշել անցայլի անդունդները։
Այսպիսով, Հանրապետության Ասամբլիան լիագումար նիստի ընթացքում իր կարեկցանքն է հայտնում 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերին՝ պահպանելով հիշողությունը, որպես ժողովուրդների հաշտեցման և մարդկության հիմնարար արժեքների պաշտպանության կարևոր տարր»։