Հայաստանում ապրիլի վերջին շաբաթ օրը նշում են որպես Քաղաքացու օր: Օրենքի նախագիծը երկար քննարկումներից հետո ընդունվել է 2019 թվականի ապրիլի 9-ի նիստում: Քաղաքացու օրը մեծ շուքով նշելու համար պետական բյուջեից հատկացվել է 124 միլիոն դրամ:
Քաղաքացու օր տոնելու գաղափարը հասարակության շրջանում ընդունվեց ոչ միանշանակ: Եվ հետաքրքիր էր պարզել՝ ո՞ր պետություններում է նշվում Քաղաքացու օր, կամ կա՞ն արդյոք այդպիսիք:
Պարզվում է՝ Քաղաքացու օր նշում են նաև էստոնացիները: Տոնը պաշտոնապես նշվում է 1998 թվականից: Ամեն տարի նոյեմբերի 26-ին էստոնացիները պետական ամենաբարձր մակարդակով հիշում են իրենց երկրի բարօրությանն ու զարգացմանը նպաստած քաղաքացիներին և տարբեր պարգևներով իրենց երախտագիտությունը հայտնում նրանց: Էստոնական այս տոնի հիմքում 1918թ. նոյեմբերի 26-ին ընդունված «Էստոնական Ժողովրդավարական Հանրապետության քաղաքացիության մասին» առաջին օրենքի ընդունումն է, և տոնը նվիրված է Էստոնիայի բոլոր քաղաքացիներին:
Քաղաքացիության տոն նշվում է նաև ԱՄՆ-ում: 1787 թվականից սկսած ամեն տարի սեպտեմբերի 17-ին՝ ԱՄՆ սահմանադրության ընդունման օրը, ամերիկացիները մեծ շուքով տոնում են Սահմանադրության և Քաղաքացիության տոնը: Իսկ օրենքը, որ սեպտեմբերի 17-ը հռչակում է ԱՄՆ սահմանադրության և Քաղաքացիության օր, ընդունվել է 2004 թվականին: Կարևոր է նշել, որ ԱՄՆ-ում տոնական միջոցառումներն հաճախ դաստիարակչական բնույթ են կրում՝ փորձելով հասարակությանը ներկայացնել քաղաքացու և՛ իրավունքները, և՛ հիմնական պարտականությունները:
Նույն կերպ քաղաքացիության օր նշվում է նաև Ավստալիայում, Հնդկաստանում և մի շարք այլ երկրներում: