Վլադիմիր Զելենսկու գրանցած քաղաքական հաղթանակը դարձավ անկախ Ուկրաինայի նախագահական ընտրությունների պատմության ամենաբարձր արդյունքը. նախագահի թեկնածուն երկրորդ փուլում ստացավ ընտրողների 73.2%-ի վստահության քվեն:
Սա կարելի է համարել Ուկրաինայի ժողովրդի կողմից տրված քարտ բլանշ Զելենսկիին՝ իրականացնելու լուրջ փոփոխություններ ինչպես երկրի ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ: Եվ այս առումով, բնականաբար, հետաքրքիր են արտաքին գործընկերների, մասնավորապես ուժային կենտրոննների արձագանքներն Ուկրաինայի 6-րդ նախագահական ընտրությունների անսպասելի, բայց միևնույն ժամանակ՝ կանխատեսելի արդյունքներին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Զելենսկիին՝ շնորհավորելու ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, ինչպես նաև ուկրաինացի ժողովրդին խաղաղ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման կապակցությամբ:
Շնորհավորանքներին միացել է նաև ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը: «Այսօր խոսել եմ Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, որպեսզի շնորհավորեմ նրան հաղթանակի առթիվ: ԱՄՆ նախագահն ու ես ակնկալում ենք համատեղ աշխատել իր ադմինիստրացիայի հետ, որպեսզի աջակցենք ուժեղ, ժողովրդավար և բարգավաճող Ուկրաինային», - գրել է փոխնախագահ Փենսը Թվիթերում:
Եվրոպական Միության խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը շնորհավորել է Զելենսկիին ընտրություններում հաղթանակի առթիվ և նշել, որ ԵՄ-ն լի է վճռականությամբ՝ շարունակելու իր աջակցությունն Ուկրաինային: Իսկ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն իր շնորհավորականում նշել է, որ ընտրությունները նպաստ բերեցին Ուկրաինայում ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը:
Ուկրաինայի նորընտիր նախագահին շնորհավորել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ անվանելով Ուկրաինան Դաշինքի արժեքավոր գործընկեր:
Բնականաբար, շատ կարևոր է Ռուսաստանի արձագանքը, որը դեռևս բավականին զգուշավոր է: Նախագահ Պուտինն առ այսօր չի շնորհավորել նորընտիր նախագահին: Վլադիմիր Պուտինը համարում է որ ընտրությունների արդյունքները խոսում են Պյոտր Պորոշենկոյի քաղաքականության բացարձակ ձախողման մասին:
«Ի՞նչ կա գնահատելու: Դա Պորոշենկոյի լիակատար, բացարձակ ձախողումն է: Ես վստահ եմ, որ նոր իշխանությունները չեն կարող դա չհասականալ, նրանք սա հիանալի կերպով հասկանում են: Կհետևենք գոնե առաջին քայլերին: Հասկանալը մի բան է, իսկ իրատեսական, սեփական ժողովրդի շահերին համապատասխան քաղաքականություն կառուցելը՝ մեկ այլ բան», -այսպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արձագանքել Ուկրաինայի նախագահական ընտրություններում Վլադիմիր Զելենսկիի հաղթանակին ընտրություններից 4 օր անց:
Պուտինը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները կախված են լինելու Ուկրաինայի նոր ղեկավարության վարած քաղաքականությունից, ռուսական կողմը պատրաստ է հարաբերությունների վերականգնմանը ողջ ծավալով, բայց չի կարող անել դա միակողմանիորեն:
Ինչպես արդեն նշեցինք, մինչ այս ընտրությունները քաղաքական ասպարեզում անհայտ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի ժողովրդից ստացել է ամուր մանդատ՝ իրականացնելու լուրջ փոփոխություններ երկրի բոլոր ոլորտներում:
Ուկրաինայի արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերում Պորոշենկոյի և Զելենսկիի նախընտրական ծրագրերում տարբերություններն էական չէին, դրանք շեշտադրումների մեջ էին: Երկուսն էլ երկրի եվրաինտեգրման կողմնակից էին, երկուսն էլ խոստանում էին վերականգնել երկրի «տարածքային ամբողջականությունը»: Սակայն հավանական է, որ Զելենսկիի նախագահության շրջանում նվազի լարվածությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում և հետզհետե փոփոխություն կրի թշնամական հռետորաբանությունը: Առնվազն այս պահին հայտարարությունների մակարդակով Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպելու, բանակցությունները վերսկսելու, իսկ Պուտինը՝ վերականգնելու հարաբերությունները ողջ ծավալով՝ սպասելով Զելենսկիի հստակ քայլերին:
Ուկրաինայի արևմտյան գործընկերներն ակնկալում են Ուկրաինայի՝ Պորոշենկոյի պաշտոնավարման տարիներին վարած արտաքին քաղաքականության հետևողական շարունակություն, իսկ Ռուսաստանը, բնականաբար, այդ նույն քաղաքականության վերանայման առաջին շահագրգիռ կողմն է: Իսկ թե ինչպիսին կլինեն նորընտրի նախագահի քայլերը երկրի արտաքին քաղաքական հարցերում հայտարարություններից այն կողմ, ցույց կտան միայն կոնկրետ քայլերը: